17:48 | 07.08.13 | Նորություններ | 3310

Orange-ի մասնագետները դասընթացներ անցկացրեցին հանրային ոլորտի աշխատակիցների համար

Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Օրանժ Արմենիան Երեւանում եւ Վանաձորում «Հաճախորդների սպասարկում» թեմայով վերապատրաստման դասընթացներ է անցկացրել Հայաստանի մարզերի մի շարք բնակավայրերի հանրային ծառայությունների ոլորտի աշխատակիցների համար, որոնց թվում էին ՔԿԱԳ բաժինների կամ գյուղապետարանների աշխատակիցներ, գրադարանավարներ:

Դասընթացների անցկացման գաղափարն ու նախաձեռնությունը Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպությանն էր, որն էլ, փնտրելով մասնավոր ընկերություն, որն առավելապես առանձնանում է հաճախորդների սպասարկման իր բարձր որակներով ու հմտություններով, առաջարկեց Օրանժ Արմենիային կազմակերպել այդ դասընթացները, հայտնել են ընկերությունում:

Դասընթացներին մասնակցեցին ընդհանուր թվով 30 մասնակիցներ Վանաձորից, Սեւանից, Գավառից, Ալավերդիից, Ախթալայից, Դսեղից, Դեբեդից, Նոր Գեղիից եւ մարզերի այլ փոքր ու մեծ բնակավայրերից:

«Հաճախորդների բարձր որակով սպասարկումը մեր ընկերության առաջնահերթություններից է, եւ մենք ուրախ ենք, որ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից նույնպես մեր ընկերությունը գնահատվում է որպես լավագույն սպասարկում ունեցող ընկերություններից մեկը Հայաստանում: Մեծ սիրով ենք կիսվում մեր փորձով, ու թեեւ դասընթացների մասնակիցները մասնավոր ոլորտը չեն ներկայացնում, այդուհանդերձ վստահ ենք, որ այս գիտելիքները նրանց անհրաժեշտ կլինեն իրենց ամենօրյա աշխատանքում, քանի որ նրանք նույնպես ամեն օր գործ են ունենում մեծ թվով այցելուների հետ», - նշել է Օրանժ Արմենիայի Վաճառքի տնօրեն Արսեն Հովհաննիսյանը:

«Հանրային սպասարկման որակը աշխարհի բոլոր երկրներում է խնդիր, ոչ միայն Հայաստանում: Համագործակցելով մասնավոր ընկերության հետ՝ մենք կկարողանանք հանրային ծառայություններ մատուցողներին տալ սպասարկման այնպիսի հմտություններ, որոնք ոչ մենք կարող էինք ինքնուրույն տալ, ոչ էլ, առավել եւս, պետությունը: Շնորհակալ ենք Orange-ին նախագծին մասնակցելու իրենց պատրաստակամության համար: Կարծում եմ՝ սա լավ սկիզբ է, որն ավելի երկարաժամկետ համագործակցության մեկնարկը կլինի», - ասել է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարել Հոֆստրան: