12:05 | 03.07.13 | Նորություններ | 3088

Orange-ի աջակցությամբ Տավուշի Բերդավան գյուղում ներդրվում է նոր գյուղատնտեսական նախագիծ

Orange Հիմնադրամի եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության միացյալ ջանքերով Տավուշի մարզի Բերդավան գյուղում մեկնարկում է նոր գյուղատնտեսական նախագիծ:

Նախագիծն օգտագործում է սպառողական կոոպերատիվի մոդելը եւ թույլ է տալու գյուղի ավելի քան 40 ընտանիքներին միավորել իրենց աշխատանքը՝ ստանալու ավելի լավ արդյունքներ, հայտնել են ընկերությունում:

«Բերդավան» պտղաբուծական կոոպերատիվին աջակցելու նպատակով Orange-ը նվիրաբերել է գյուղատնտեսական տեխնիկա, մասնավորապես, տրակտոր, հնձիչ կոմբայն, միջատասպան նյութերի սրսկիչներ: Բնակիչների համար կազմակերպվել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաեւ կապեր են ստեղծվել վերամշակող ընկերությունների հետ, ներդրված նոր մոդելի՝ սպառողական կոոպերատիվի գործունեությունը եւ բերքի իրացումը հեշտացնելու նպատակով: Կբարելավվի նաեւ ջրամատակարարման համակարգը: Ըստ հաշվարկների՝ Բերդավանի բնակիչները, ովքեր ավանդաբար մասնագիտացած են դեղձի մշակման մեջ, այս նվիրատվության եւ գյուղատնտեսական նոր մոդելի կիրառման շնորհիվ արդեն հաջորդ տարի բերքատվությունը կբարձրացնեն 2 եւ ավելի անգամ:

«Հայաստանի գյուղերի խնդիրները, հատկապես այն գյուղերինը, որոնք երկրի սահմաններին են, Orange Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են: Մինչ օրս մենք մասնակցել ենք գյուղերում մանկապարտեզների, մարզասրահների, համակարգչային սրահների վերազինմանն ու կահավորմանը, սակայն առաջին անգամն է, երբ ներգրավվում ենք նման գյուղատնտեսական նախաձեռնության իրականացման մեջ: Իսկապես ցանկանում ենք շուտով տեսնել այն արդյունքներն ու փոփոխությունները, որ մեր ներդրումը պիտի բերի այս գյուղին: Երջանիկ ենք այսօր նշել գյուղի համար այս նոր մեկնարկը», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Նախագծի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է  12,921,000 դրամ: