15:23 | 27.06.13 | Նորություններ | 5428

ԱրմենՏել-ի նոր ղեկավար. Իգոր Կլիմկոն հեռացել է սեփական ցանկությամբ

ԱրմենՏել-ի նախկին ղեկավար Իգոր Կլիմկոն ընկերությունից հեռանալու որոշում է կայացրել սեփական ցանկությամբ, այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության նոր գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մեկնաբանելով հրապարակումներն այն մասին, թե Կլիմկոն ազատվել է պաշտոնից ընկերության թոփ-մենեջերներից մեկի՝ Սամվել Խաչատրյանի (Պետական եկամուտների կոմիտեի նախագահի եղբոր) հետ ունեցած կոնֆլիկտի հետեւանքով ընկերությանը հասցված բազմամիլիոնանոց կորուստների համար, Անդրեյ Պյատախինն ասել է, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

«Իգոր Կլիմկոն Վիմպելկոմի ղեկավարությանը նախապես հայտնել էր պաշտոնից հեռանալու մասին: Ներկայումս նա աշխատում է Կամբոջայում՝ այնտեղ իրականացնելով հետաքրքիր մի նախագիծ: Ինչ վերաբերում է Սամվել Խաչատրյանին, ապա նա աշխատում է ԱրմենՏել-ում շուրջ 40 տարի, եղել է ֆիքսված կապի մարզային ստորաբաժանումներից մեկի ղեկավարը: Այժմ նա տեղափոխվել է ավելի բարձր պաշտոնի, եւ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ նա իրոք փորձառու մասնագետ է»,- ասել է Անդրեյ Պյատախինը:

Մեկնաբանելով Սամվել Խաչատրյանի կապը ինտերնետ-մատակարար Ucom-ի հետ, որի բաժնետերերից են ՊԵԿ նախագահի որդիները, Անդրեյ Պյատախինն ասել է, որ նման տեղեկատվություն ընկերության պաշտոնական փաստաթղթերում չկա:

«Մենք տրամադրում ենք մեր ենթակառուցվածքները կապի ավելի քան 10 օպերատորների եւ պատրաստ ենք թափանցիկ պայմաններով այն վարձակալությամբ տրամադրել ցանկացած օպերատորի: Եվ կարեւոր չէ, դա կլինի Ucom-ը, Ջի-Էն-Սի-Ալֆա-ն, թե ցանկացած այլ օպերատոր»,- ասել է ԱրմենՏելի նոր ղեկավարը: