12:54 | 20.06.13 | Նորություններ | 1053

Հայկական առաջին վենչուրային հիմնադրամը սկսում է հաճախորդներ փնտրել

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը՝ հայկական առաջին «Գրանատուս վենչուրային հիմնադրամի» հետ համատեղ, ս.թ. հունիսի 24-ին  կազմակերպում է «Ձեռներեցություն եւ ֆինանսավորման աղբյուրներ» թեմայով սեմինար:

Սեմինարը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի եւ Գրանատուս վենչուրային հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող միջացառումների շարքի սկիզբն է, որի նպատակն է տեղեկացնել հետաքրքրված շահառուներին Հայաստանում ֆինանսավորման նոր աղբյուրների եւ դրանց ընձեռած բացառիկ հնարավորությունների մասին, հայտնել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:

Սեմինարին եւ դրան հաջորդող գաղափարների ներկայացմանը (Pitching session) կարող են մասնակցել նորաստեղծ ընկերություններ եւ թիմեր, որոնք հետաքրքրված են Հայաստանում ֆինանսավորում գտնելու նոր հնարավորություններով: 

«Սեմինարը բացառիկ հնարավորություն է ընձեռում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մոտ ապագայում մեկնարկող հայկական վենչուրային հիմնադրամի հետ աշխատելու եւ օգտակար կապեր հաստատելու հեռանկարով: Դուք  հնարավորություն կստանաք ներկայացնել Ձեր գաղափարը փորձառու ձեռներեցների եւ ներդրումային ոլորտի մասնագետների առջեւ եւ լսել հեղինակավոր ժյուրիի կարծիքը», - հայտնել են կենտրոնում:

Սեմինարը կվարեն հայկական վենչուրային հիմնադրամի համահիմնադիրներ Պյեր Հեննեսը եւ Մանուկ Հերգնյանը: Այն տեղի կունենա Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում՝ Տերյան 105, ՀՊՃՀ 10-րդ մասնաշենք, 6-րդ հարկ հասցեով, հունիսի 24-ին ժամը 14:00-ին:

Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել մասնակցի անուն/ազգանունը, էլ. հասցեն եւ հեռախոսահամարը apply@mic.am հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Entrepreneurship and funding opportunities»: Թիմը գրանցելու համար պետք է նշել թիմի անունը եւ բոլոր մասնակիցների տվյալները: Pitching session հատվածին մասնակցելու համար պետք է մտադրության մասին գրել նամակում՝ նշելով ներկայացվող գաղափարի/նախագծի անունը:

Գրանցման վերջնաժամկետն է հունիսի 22-ը: Տեղերը սահմանափակ են: