13:50 | 15.05.13 | Նորություններ | 1223

ԴիջիԹեք Բիզնես ֆորումը կանցկացվի հունիսի 21-22-ին

6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը Երեւանում կանցկացվի հունիսի 21-22-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում:

«Խելացի լուծումեր` խելացի երկրների համար» կարգախոսը կրող ֆորումի շրջանակներում կլինեն պրոբլեմային քննարկումներ, կլոր սեղաններ` էլեկտրոնային առեւտրի, տեխնալագիաների զարգացման գործում պետության դերի, տենդերային համակարգի բարելավման մասին, կանցկացվեն տեխնոլոգիական նորությունների մասին սեմինարներ, կլինի ցուցահանդեսային հատված:

«Այս ֆորումը որակապես կտարբերվի նախորդներից, քանի որ ֆորումի հանդեպ հետաքրքրությունը բիզնես ոլորտի կողմից շատ ավելի մեծ է»,- ասել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա նշել է, որ ֆորումի շրջանակներում համագործակցում են ոլորտային ընկերությունների հետ, որոնք աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու առումով տեխնոլոգիական նոր լուծումների կարիք ունեն:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նկատել է, որ առանց տեխնոլոգիաների կիրառման այսօր հնարավոր չէ մրցակցություն ապահովել. «Առանց տեխնոլոգիական լուծումների մենք վերադառնում ենք քարե դար»:

ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լեւոն Գալստյանը նշել է, որ արդեն երկրորդ տարին ԴիջիԹեք բիզնես ֆորումին աջակցելով` այս տարի նպատակ ունեն քաջալերել եւ ապահովել սկսնակ ընկերությունների մասնակցությունը.  «Նախորդ տարվա 10-ի փոխարեն, այս տարի մեր ծրագրի կողմից օժանդակություն կստանա 12 թիմ եւ 5 տեխնոլոգիական միություն»,- ասել է նա:

Միջոցառմանը մասնակցության հայտ են ներկայացրել ընկերություններ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սինգապուրից եւ ԱՄՆ-ից: Կազմակերպիչների խոսքերով,  նախատեսվում է տեղական եւ արտասահմանյան շուրջ 60 ընկերության մասնակցություն:

ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013-ի մուտքը ազատ կլինի: