14:02 | 08.05.13 | Նորություններ | 2488

Մայիսի 11-12-ը կկայանա ԲարՔեմփ Երեւան 2013 «չկոնֆերանսը»

Մայիսի 11-12-ը Երեւանում կանցկացվի հինգերորդ Բարքեմփ ոչ պաշտոնական կոնֆերանսը՝ նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաներին:

ԲարՔեմփ Երեւան 2013-ի գլխավոր գործընկերն է Օրանժ Արմենիան: Ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր Երեւանում ասել է, որ Օրանժը, արդեն երկրորդ տարին անընդմեջ հովանավորելով ԲարՔեմփ Երեւան-ը, փորձում է ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի վեբ-միջավայրի կատարելագործմանն աջակցելու գործում: Ընկերությունը, «չկոնֆերանսը» հովանավորելուց բացի, վերջինիս մասնակիցներին տրամադրելու է անվճար ինտերնետ:

«Վստահ ենք, որ այն բացառիկ միջավայրը, որը կստեղծվի Բարքեմփի ժամանակ, մտքերի ու փորձի փոխանակման յուրահատուկ հարթակ կստեղծի», - ասել է Ֆրանսիս Ժելիբտերը:

ԲարՔեմփ Երեւան 2013-ի կազմակերպիչ թիմի անդամ Արփինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ այս տարի միջոցառմանը ելույթ ունենալու համար հրավիրվել է Google-ի ամերիկյան կենտրոնակայանում աշխատող ավագ ծրագրավորող Դեւիդ Գարսիա Քինթասը, ճգնաժամային քարտեզագրության եւ սոցիալական մեդիայի ռազմավարության մասնագետ Անահի Այալա Իակուչին, ինչպես նաեւ ռուսաստանյան ՌԻԱ-Նովոստի գործակալության ինֆոգրաֆիկաների եւ վիզուալիզացիաների մասնագետներ Ֆիլիպ Կացը եւ Միխայիլ Դունաեւը: Հյուրերը դասախոսություններ կկարդան եւ վարպետության դասեր կանցկացնեն միջոցառման մասնակիցների համար:

Միջոցառումն անցկացվելու է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Փարամազ Ավետիսյան մասնաշենքում: Երեւանյան Բարքեմփի հովանավորներն ու աջակիցներն են Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագիրը եւ Ինտերնյուս Հայաստանը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը եւ SFL ընկերությունը։

Ոչ պաշտոնական կոնֆերանսին մասնակցության հայտ ուղարկելու եւ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ www.barcamp.am կայքում: