13:47 | 23.04.13 | Նորություններ | 1198

«Լույս» հիմնադրամը նախաձեռնել է «Գաղափարների գործարան» ծրագիրը

«Լույս» հիմնադրամը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնել են «Գաղափարների գործարան. սեմինարներ տեխնոլոգիաների եւ ստեղծարարության մասին» ծրագիրը, որը կտեւի մինչեւ ապրիլի 28-ը:

Ինչպես հայտնել են «Լույս» հիմնադրամում, ծրագրի նպատակն է հետաքրքիր դարձնել ծրագրավորման եւ տեխնոլոգիայի հետ շփման գործընթացը` կիրառելով «Միջավայրային կրթություն» կամ, այլ կերպ ասած, «Գործով ենք սովորում» մեթոդը:

«Կենտրոնում ապահովվել է նյութատեխնիկական բազայով հագեցած միջավայր, հրավիրված են համակարգչագիտության, գիտության եւ արվեստի հմուտ մասնագետներ, ովքեր երիտասարդներին սովորեցնում են ինժեներիա, տեխնոլոգիական վարպետություն, ծրագրավորում եւ արվեստ: Մասնակիցները 10-25 տարեկան երիտասարդներ են, ովքեր հնարավորություն ունեն քանդելու համակարգիչները եւ վերակառուցելու իրենց սեփականը: Նրանք կառուցում են համակարգիչներ, ռոբոտներ, ստեղծում էլեկտրոնային խաղեր եւ այլ ծրագրավորվող սարքեր` ձեւավորելով պրակտիկ հմտություններ, տիրապետելով համակարգչին եւ ստանալով ակադեմիական գիտելիք: Պրակտիկ սեմինարները վարում է բելգիացի փորձագետ Էտիեն Դելակրուան», - հայտնել են հիմնադրամում:

Սեմինարներն անցկացվում են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում երկուշաբթիից շաբաթ օրերը` ժամը 15:30 - 18:30, իսկ կիրակի` ժամը 13:00 - 16:30: