11:20 | 04.04.13 | Նորություններ | 1279

Ռուբեն Թարումյանը ներկայացրել է նոր Arian AMU տառատեսակը

Երեւան: Մեդիամաքս: Հայկական բազմաթիվ համակարգչային տառատեսակների (fonts) հեղինակ Ռուբեն Հակոբյանը (Թարումյանը) ապրիլի 3-ին Երեւանում ներկայացրել է իր կողմից ստեղծված Արիան ԱՄՅու (Arian AMU) տառատեսակը, որն եկել է փոխարինելու ռուսաստանյան ABBYY ընկերության կողմից ստեղծած Arial AMU-ն:
 
«Երբ ABBYY ընկերությունը ստեղծեց իր հայտնի FineReader տառաճանաչող ծրագրի հայերենով աշխատող վարկածը անհրաժեշտ եղավ ունենալ Arial AM-ի որակի մի որեւէ տառատեսակ, որը սակայն կունենար Յունիկոդ այլագրում։ Ստանալով իմ թույլտվությունը, ABBYY-ի ընկերությունում պատրաստեցին Arial AM-ի (նախագծվել է 1990-ականների վերջին Ռուբեն Թարումյանի կոմից – խմբ.) յունիկոդային վարկածը։ Սակայն արդյունքում Arial AM-ի ArmSCII-8 այլագրումը չվերացավ եւ այս նոր տառատեսակը գործածելիս օգտվողը հաճախ չէր նկատում, թե ո՞ր այլագրմամբ է աշխատում. 8-բիթանոց ArmSCII-8-ով, թե Յունիկոդով, ինչը հաճախ հանգեցնում էր թյուրիմացությունների», - պարզաբանել է Ռուբեն Թարումյանը:

Ըստ նրա, կար նաեւ հայերեն չակերտների խնդիրը, քանի որ այն չակերտները, որոնք ընդունված է գործածել հայերենում, Յունիկոդում տեղադրված են դրա 8-բիթանոց մասում, ընդ որում հենց այնտեղ, որտեղ ArmSCII-8-ում գտնվում են հայկական ստորակետը եւ փոքրատառ «ե»-ն։ Դա բերեց է նրան, որ հայերեն Յունիկոդ գրվածքներն այդ տառատեսակով դիտելիս չակերտների փոխարեն հայտնվում էին ստորակետ եւ փոքրատառ «ե»։

«Այդ խնդիրը լուծելու եւ տառատեսակի նկատված նաեւ այլ թերությունները շտկելու համար որոշեցի ստեղծել դրա բոլորովին նոր վարկածը՝ զրոյից», - ասել է Ռուբեն Թարումյանը, հավելելով, որ նոր տառատեսակի ստեղծմանն աջակցել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի ARGA Foundation-ը:

Նոր տառատեսակում այլեւս չկա ArmSCII-8-ի հատվածը, ինչը վերացնում էր այդ տառատեսակի սկզբունքային թերությունը, ինչպես նաեւ տառատեսակի ուղիղ եւ թավ ոճերին ավելացան շեղ եւ թավ շեղ ոճերը։

«Հետագայում, անվան հետ կապված թյուրիմացություններից խուսափելու նպատակով որոշվեց տառատեսակը վերանվանել «Արիան», ինչը իմ «թուլությունն է», պահպանելով սակայն AMU (Armenian Unicode) հավելումը», - ասել է Ռուբեն Թարումյանը:

Ըստ հեղինակի, Արիան ԱՄՅու տառատեսակների ընտանիքը կոչված է ապահովելու համար բարձրորակ աշխատանք հատկապես բազմալեզու գրվածքներ կազմելիս:

«Սովորաբար բազմալեզու գրվածքի հայերեն եւ ոչ հայերեն հատվածները ստիպված են լինում իրագործել տարբեր տառատեսակներով, ինչը վատ է անդրադառնում աշխատանքի որակի վրա եւ հաճախ էլ տեխնիկական բարդությունների է հանգեցնում։ Ներկայումս, Արիան ԱՄՅու-ն հայերենից բացի հնարավորություն է տալիս գրվածքներ կազմել բոլոր եվրոպական լեզուներով՝ լատինատառ, հունատառ եւ կիրիլատառ, ինչպես նաեւ վրացերեն եւ եբրայերեն, դրանով իսկ ծածկելով Հայաստանի բնակիչների լեզուների հետ կապված գրեթե բոլոր խնդիրները։ Դրանից բացի, այն ներկայացված է ոճային երեք խմբերով՝ գրչագիր, շղագիր եւ միալայնք, ինչպես նաեւ երկու ավանդական տառաոճերով (գրքի եւ արամյան)։ Վերջիններս նախատեսված են հատկապես բանասիրական եւ գեղարվեստական բնույթի գրվածքների համար, որոնք ավանդաբար ներկայացվում են այդ գրատեսակներով», - պատմել է Ռուբեն Թարումյանը:

Արիան ԱՄՅու ընտանիքի տառատեսակներում, մասնավորապես, հավելվել է երեք նոր գրանշան․ դրամի նշանը եւ հավերժության նշանը՝ աջ եւ ձախ տարբերակներով։

Նոր տառատեսակների ընտանիքը հասանելի է ազատ ներբեռնման համար այստեղ: