11:01 | 15.03.13 | Նորություններ | 3117

Բրիտանական ֆիլմերի փառատոնը մեկնարկում է մարզերում` Beeline-ի աջակցությամբ

Բրիտանական խորհուրդը, Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարել են մարզերում Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի մեկնարկի մասին:

Մարտի ընթացքում Սյունիքի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների աշխատանքներին: Ծրագրի ֆիլմերը կցուցադրվեն մարզերի շրջկենտրոններում` Գորիս, Հրազդան եւ Աշտարակ քաղաքներում:

Մարտի 16-ից մինչեւ 18-ը ֆիլմերը կցուցադրվեն Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Պետական Դրամատիկական թատրոնում:  Մարտի 19-ից մինչեւ 21-ն կցուցադրվեն Արագածոտնի մարզի Աշտարակի մշակութային կենտրոնում, իսկ մարտի 22-ից մինչեւ 24-ը` Կոտայքի մարզի Քաղաքային Դրամատիկական թատրոնում: Ընդհանուր առմամաբ, մարզերի բնակիչները Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակում կարող են դիտել 9 ֆիլմ:

«Հայաստանում կինոարվեստն ավանդաբար եղել է եւ մնում է պահանջված: Հայ կինոարվեստի դպրոցն աշխարհին տվել է բազմաթիվ մեծ ռեժիսորներ, դերասաններ եւ օպերատորներ: Հարուստ մշակութային կյանքը մարզերում  նպաստում է նորանոր անունների ի հայտ գալուն: Այդ իսկ պատճառով, մենք կարեւորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու համաշխարհային կինեմոտոգրաֆիայի նոր գործերի  հետ, զգալու ինչով է շնչում աշխարհը, մտորելու այն խնդիրների մասին, որոնք մտահոգում են օտարերկրյա արվեստի գործիչներին: Ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերը կարող են դիտել ոչ միայն Երեւանում, այլ մեր երկրի տարբեր մարզերում»,- նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:

Մարզային ծրագրի ավարտից հետո ֆիլմերը կցուցադրվեն նաեւ զորամասերում: