17:22 | 07.03.13 | Նորություններ | 3542

Orange-ը նոր կրթաթոշակներ է տրամադրել ուսանողներին

Orange Հիմնադրամն այսօր կրթաթոշակներ է տրամադրել Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի եւ Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) 25 ուսանողների:

Համալսարաններից յուրաքանչյուրին Orange Հիմնադրամը փոխանցեց 1,5 մլն դրամ, որը պետք է հատկացվի ուսանողների ուսման վարձի մարմանը: Ուսանողներն ընտրվել են համալսարանների առաջարկով, երկու հիմնական չափանիշների հիման վրա. ուսանողի առաջադիմություն եւ ընտանիքի սոցիալական վիճակ: Նույն սկզբունքով այս ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր առմամբ նախատեսված է տրամադրել  կրթաթոշակներ 7 համալսարաններում, հայտնել են ընկերությունում:

«Համալսարանների հետ մեր համագործակցությունը շարունակվում է, իսկ այդ համագործակցության մի բաղկացուցիչն էլ օգնությունն է լավագույն ուսանողներին, ովքեր դժվարանում են լուծել բարձրագույն կրթության ֆինանսական դժվարությունները»,- ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: 

Բուհերի հետ համագործակցության շրջանակներում ուսանողները կարող են մասնագիտական պրակտիկա անցնել Orange-ում, իսկ ընկերության աշխատակիցները մասնագիտական եւ վերապատրաստման դասընթացներ են իրականացնում ուսանողների համար: Հայաստանի համալսարանների հետ Orange-ի համագործակցություն մեկնարկել է երկու տարի առաջ: 2011թ. Orange Հիմնադրամը կրթաթոշակներ է տրամադրել 6 համալսարանների 67 ուսանողների, իսկ 2012-ին՝ 9 համալսարանների 95 ուսանողների, որոնցից 70-ը՝ Հայաստանի մարզերում: