09:38 | 22.02.13 | Նորություններ | 3356

ՎիվաՍել-ՄՏՍ-ն Հայաստանի ազգային ագրարային համալսարանին նվիրել է կրթական լաբորատորիա

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ տեխնիկապես հագեցված կրթական լաբորատորիան, համացանցի ընձեռած տեղեկատվական հզոր բազան եւ ուսումնական գործընթացների կազմակերպման ժամանակակից մեթոդն այսուհետեւ հասանելի կլինեն նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում:
 
Բուհը համալրվել է ուսումնական գործընթացների պահանջներից բխող արժեքավոր սարքավորումներով. «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչով, ինտերնետ հասանելիությամբ, 9 համակարգչով ապահովված լսարանով, լազերային տպիչով եւ լուսարձակով ապահովված ինտերակտիվ գրատախտակով:

Նոր հնարավորությունները համալսարանին թույլ կտան օնլայն միանալ Վանաձորում եւ Արցախում գործող մասնաճյուղերին եւ արդյունավետ դասընթացներ կազմակերպել ուսանողների ավելի լայն լսարանի համար:
 
Հայաստանի ազգային ագրարային համալսարանն ունի այս լաբորատորիայից առավելագույն արդյունավետությամբ օգտվելու հաջողված փորձ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում, համալսարանի Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնում, դեռ մեկ տարի առաջ է սկսել գործել տեսակոնֆերանսների ժամանակակից դահլիճը, որը համացանցի միջոցով վիրտուալ կատարյալ ուսումնական միջավայր է ապահովել այս եւ արտերկրյա հեղինակավոր համալսարանների միջեւ:
 
«Նոր տեխնոլոգիաները ենթադրում են ժամանակի տնտեսում, տեղեկացվածության բարձր մակարդակ եւ արագ որոշումներ կայացնելու հմտություն: Մենք ձգտել ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ապահովելու են ուսանողի հաջողելու հավանականությունը: Մասնագիտացման ճանապարհին նրանց ճիշտ ուղղորդելու առաջին քայլը, թերեւս, եղած տեղեկատվությունից առավելագույնս ճիշտ եւ արդյունավետ օգտվելու հմտության ուսուցանումն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: