13:54 | 21.01.13 | Նորություններ | 1197

Քիմ Դոթքոմը գործարկել է ֆայլերի փոխանակման նոր կայք

Megaupload-ի նախկին սեփականատեր միլիարդատեր Քիմ Դոթքոմը գործարկել է նոր «ամպային» սերվեր եւ ֆայլերի փոխանակման կայք՝ Mega-ն:

Mega-ն թույլ է տալիս օգտատերերին վերբեռնել ցանկացած ֆայլ եւ հանդիսանում է Megaupload-ի «իրավահաջորդը»: Վերջինս փակվել էր անցյալ հունվարին ոստիկանական ռեյդի արդյունքում:

Mega վեբկայքը պաշտոնապես գործարկվել է կիրակի օրը եւ ուղեկցվել Դոթքոմի նորզելանդյան առանձնատանը կազմակերպված շքեղ ընդունելությամբ:

Ծագումով գերմանացի Քիմ Դոթքոմը, որի իսկական անունն է Քիմ Շմից, հայտարարել է, որ նոր կայքը չի հակասում օրենսդրությանը եւ իր գործունեությունը կասեցնելու ԱՄՆ կառավարության փորձերն ապարդյուն են լինելու: «Այս կայքը նույնքան օրինական է, որքան Dropbox-ը, Boxnet-ը եւ այլ մրցակիցները», - ասել է Դոթքոմը:

Գործարկումից ժամեր անց նոր կայքն արդեն ուներ 250 000 գրանցված օգտատեր: Տարբերությունը մրցակիցներից օգտատերերին հատկացվող սերվերային տարածքն է՝ 50 ձրի գիգաբայթ: Այս ցուցանիշով Mega-ն շատ ավելի առաջ է անցնում Dropbox-ից եւ Microsoft-ի SkyDrive-ից:

Նոր կայքը, սակայն, հնարավորություն է տալիս փոխանակվել ֆայլերով, ինչը կարող է կրկին դառնալ իրավապահ մարմինների կողմից ուսումնասիրության առարկա:

2012-ին Megaupload-ի վրա կատարված ոստիկանական ռեյդերը ԱՄՆ օրինապահ մարմինները բացատրում էին նրանով, որ կայքի օգտատերերը փոխանակվում էին պիրատական ֆայլերով եւ մեղադրում Քիմ Դոթքոմին հենության վրա հարստանալու մեջ: Անցյալ տարի ոստիկանությունը առգրավեց 50 մլն օգտատերերի կողմից Megaupload վերբեռնված 25 պետաբայթ ծավալով տեղեկատվությունը:

Նա մերժել է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները եւ ներկայումս իրավական պայքարի մեջ է ԱՄՆ կառավարության հետ: Լսումները իրեն՝ ԱՄՆ իշխանություններին հանձնելու վերաբերյալ կկայանան ս.թ. օգոստոսին:

Ուշագրավ է, որ նոր կայքի շնորհանդեսին Քիմ Դոթքոմը բեմադրեց անցյալ տարվա ոստիկանական ռեյդն իր առանձնատան վրա: