10:39 | 15.01.13 | Նորություններ | 3616

Հայաստանը դարձե՞լ է “Red October” կիբեռհարձակման զոհերից մեկը

Երեւան: Մեդիամաքս: «Կասպերսկու լաբորատորիան» հետազոտական զեկույց է հրապարակել “Red October” լայնածավալ կիբեռհարձակման վերաբերյալ, որն անց է կացվել հանցագործների կողմից աշխարհի տարբեր երկրներում դիվանագիտական, կառավարական եւ գիտական կազմակերպություններին լրտեսելու նպատակով:

Ըստ զեկույցի, հանցագործների գործողություններն ուղղված են եղել գաղտնի տեղեկությունների, տվյալների ստացմանը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական բնույթի տեղեկությունների հավաքագրմանը: Նրանք մուտք են ստացել դեպի համակարգիչներ, անձնական բջջային սարքեր եւ կորպորատիվ ցանցեր: Հիմնական շեշտը հարձակվողները կատարել են նախկին Խորհրդային Միության, Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայում մի քանի երկրների վրա:

Kaspersky Security Network (KSN)-ից ստացված տվյալների հիման վրա ընկերությունը կազմել է այն երկրների ցանկ, որտեղ գրանցվել են առավել թվով Backdoor.Win32.Sputnik վիրուսի վարակներ:

Ըստ ցուցակի, Հայաստանում հայտնաբերվել են 10 վարակներ, Ադրբեջանում `15, Ռուսաստանում՝ 38.

«Այս պահին մենք չունենք փաստեր, որոնք կապացուցեն որեւէ պետության անմիջական ներգրավվածությունը հարձակման մեջ: Ըստ երեւույթին, հարձակվողների կողմից գողացված տեղեկատվությունը խիստ գաղտնի է եւ ներառում է, մասնավորապես, տարբեր աշխարհաքաղաքական տվյալներ, որոնք կարող են օգտագործվել պետական մակարդակով: Նման տեղեկատվությունը կարող է հանվել վաճառքի «սեւ շուկայում» եւ վաճառվել առավելագույն գին առաջարկած ցանկացած անձի»,- նշված է զեկույցում: