02:47 | 08.01.13 | Նորություններ | 3810

ԱրմենՏել-ի բջջային բիզնեսը կգլխավորի Սերգեյ Զակուրաեւը

“Վիմպելկոմ” ընկերության “ԱՊՀ” բիզնես միավորումը այսօր հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի “ԱրմենՏել” ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) բջջային հատվածի տնօրենի պաշտոնին է նշանակվել Սերգեյ Զակուրաեւը:

Նա իր պարտականություններին կանցնի 2013թ. հունվարի 14-ից:

Մեկնաբանելով նշանակումը՝ Վիմպելկոմ-ի “ԱՊՀ” բիզնես միավորման ղեկավար Դմիտրի Կրոմսկին նշել է, որ ավելի վաղ Վրաստանում Beeline-ը ղեկավարած Սերգեյ Զակուրաեւի ղեկավարությամբ ընկերությունը շարունակել է դինամիկ աճել եւ ավելացնել շուկայի մասնաբաժինը:

«Հայաստանում մեր աշխատանքի էլ ավելի մեծ հնարավորություններ կան ծավալների աճի համար: Նոր ռազմավարության համաձայն, ԱրմենՏել-ի բջջային բիզնեսը դարձել է ընկերության առանձին միավոր` տվյալ հատվածի վրա ավելի մեծ ուշադրություն սեւեռելու նպատակով: Ես վստահ եմ, որ Սերգեյի փորձը 4 երկրներում Beeline-ի մասնակցությամբ բիզնեսի տարբեր հատվածներում դրական ազդեցություն կունենա Հայաստանում անլար ծառայությունների զարգացման համար»,- ասել է Կրոմսկին:

«Չնայած բջջային կապի ծառայությունների որակի եւ հասանելիության ուղղությամբ կատարված աշխատանքների հսկայական ծավալներին` մենք դեռեւս շատ անելիքներ ունենք: Ես վստահ եմ, որ բիզնեսի տարբեր ոլորտներում հստակ ուղղվածության շնորհիվ մենք կկարողանանք նոր գաղափարներ բերել ծառայությունների կառուցման մեջ»,- նշել է Սերգեյ Զակուրաեւը:

Սերգեյ Զակուրաեւը ծնվել է 1974թ. մարտի 25-ին Ստավրոպոլում:
 2003 թվականից աշխատում է ՎիմպելԿոմ-ում` նախ որպես Հարավային տարածաշրջանում բիզնեսի զարգացման տնօրեն, Beeline-ի Ստավրոպոլի եւ Ռոստովի մասնաճյուղերի տնօրեն: 2008թ. հոկտեմբերին նշանակվել է Beeline-ի Վյետնամում բիզնեսի գծով զարգացման տնօրեն: 2011թ. հունվարից աշխատել է որպես Unitel Co. Ltd ընկերության տարածաշրջանային զարգացման տնօրեն, իսկ 2011թ. դեկտեմբերին նշանակվել է Mobitel Co. Ltd-ի (Վրաստան) գլխավոր տնօրենի պաշտոնում: 

Սերգեյ Զակուրաեւն ամուսնացած է, ունի երկու որդի: