00:46 | 08.01.13 | Նորություններ | 1167

Հայկական սթարթափի մշակած հավելվածը ներբեռնվել է 35 մլն անգամ

Ավելի քան 35 մլն անգամ ներբեռնված PicsArt լուսանկարների մշակման հավելվածը, որը նախապես նախագծվել էր Android համակարգով սարքերի համար, հասանելի է արդեն Apple-ի App Store-ում:

Հավելվածը հեղինակել է Socialin հայաստանյան սթարթափը, որի թիմի հիմնական մասը (20-25 հոգի) տեղակայված է Հայաստանում, իսկ 5-6 հոգի` այլուր, այդ թվում` Սիլիկոնյան հովտում, գրում է Techcrunch.com-ը:

Կայքը փաստում է, որ հավելվածից, որը գործարկվել է մոտ 1 տարի առաջ, օրական օգտվում է 2 մլն մարդ, եւ այն Google Play-ի ներկայության բոլոր երկրներում թոփային հավելված է լուսանկարների մշակման ծրագրերի շարքում:

PicsArt-ն ունի ավելի քան 500 հազ. դրական արձագանք Google Play-ում եւ հավելվածի վարկանիշը 4.7 է (մրցակիցներ Instagram-ինը` 4.6, իսկ Adobe Photoshop Express-ինը` 4.0):

PicsArt-ի համահիմնադիր եւ գլխավոր տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը պատմում է, որ հավելվածի մրցակցային առավելությունն իր անվճար լինելու հետ հանդերձ այն լայն հնարավորություններն են, որոնք ընձեռում է հավելվածը շարժական սարքով լուսանկարներ մշակելիս:

«PicsArt-ն իր հագեցվածությամբ ավելի մոտ է ստացիոնար համակարգիչների ծրագրերին, որտեղ դուք ամեն ինչ ունեք ձեռքի տակ: Սկզբից մենք մտահոգված էինք, որ դա կվախեցնի օգտագործողներին, հետո հասկացանք, որ նրանք ուզում են ավելին ու ավելին», - պատմում է Արտավազդ Մեհրաբյանը, որը նախկինում աշխատել է Sourcio եւ Lycos Armenia ընկերություններում:

PicsArt-ի մարքեթինգի պատասխանատու Մաթ Բարտելցյանն (Matt Bartelsian) ասում է, որ հավելվածն երբեւիցե չի «հովանավորվել» Google-ի կողմից եւ հանրաճանաչություն է ձեռք բերել բացառապես օգտագործողների բանակի շնորհիվ:
Ուշագրավ է նաեւ, որ PicsArt-ը չի ներգրավել որեւէ արտաքին ֆինանսավորում եւ կայացել է թիմի միջոցներով:

Առաջիկայում Itel.am-ը կներկայացնի հարցազրույց Արտավազդ Մեհրաբյանի հետ այն մասին, թե ինչպես Հայաստանում նախագծել եւ միջազգային ասպարեզում առաջ մղել ՏՏ-նախագծեր: