04:18 | 18.12.12 | Նորություններ | 9358

Ռոստելեկոմը մուտք գործեց ՀՀ ինտերնետի մանրածախ շուկա

Երեւան/Մեդիամաքս/. Մայրուղային ինտերնետ-օպերատոր ՋիԷնՍի-Ալֆա-ն այսօրվանից սկսում է Հայաստանում ծառայություններ մատուցել «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո, Երեւանում հայտնել է Ռոստելեկոմի փոխնախագահ Նաում Մարդերը: 

2012թ. սկզբին Ռոստելեկոմը $ 22,5 մլն-ով ձեռք էր բերել հայկական ընկերության բաժնետոմսերի 75%-ը:

Հանդես գալով ՋիԷնՍի-Ալֆա-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանի հետ համատեղ մամլո ասուլիսին, Նաում Մարդերը հայտարարել է, որ այսօրվանից
ՋիԷնՍի-Ալֆա-ն սկսում է ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ-հասանելիության եւ շուտով նաեւ ինտերակտիվ հեռուստաընկերության ծառայություններ մատուցել ֆիզանձանց:

«ՋիԷնՍի-Ալֆայում ենթակառուցվածքային ներդրումներ իրականացնելով` Ռոստելեկոմը կայուն հիմք ստեղծեց ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի եւ ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունների հայաստանյան շուկա մուտք գործելու համար», - նշել է Նաում Մարդերը, հավելելով, որ 2012-ին հայկական ընկերությունում ներդրվել է $10 մլն, իսկ 2013-ին կներդրվի $12 մլն:

Հայկ Ֆարամազյանը տեղեկացրել է, որ մանրածախ ծառայությունների մատուցումը սկսվելու է մարզերից, հաշվի առնելով Երեւանից դուրս ինտերնետի շուկայում թույլ մրցակցային վիճակը եւ, դրա հետ մեկտեղ, տարածաշրջաններում ժամանակակից հեռահաղորդակցության ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկը:

«Այսօր Աբովյանում (որտեղ գտնվում  է ՋիԷնՍի-Ալֆա-ի գլխավոր գրասենյակը) բացվում է «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո կապի ծառայությունների առաջին գրասենյակը: Հաջորդ գրասենյակները կբացվեն Աշտարակում եւ Գյումրիում: Մինչեւ տարեվերջ վաճառքի սրահներ կգործարկվեն 5 քաղաքներում, իսկ  հունվարին ընկերությունը պլանավորում է բացել եւս 4-ը», - ասել է Հայկ Ֆարամազյանը, հավելելով, որ 2013-2014թթ. ընկերությունը նախատեսում է սկսել գործել ՀՀ բոլոր քաղաքների, այդ թվում՝ Երեւանի մանրածախ շուկաներում:

Ռոստելեկոմի ինտերնետ-ծառայությունների սակագները Հայաստանում սկսվում են 6000 դրամից 3 մբիթ/վ արագությամբ կապի համար: 2013-ին սպասվում է ընկերության մուտքը թվային հեռուստատեսության շուկա:

ՋիԷնՍի-Ալֆա-ն մինչ այժմ գործում էր միայն մեծածախ ինտերնետի եւ կորպորատիվ հաճախորդների շուկայում: Ընկերության ցանցն առկա է Հայաստանի 47 քաղաքներում:

ՋիԷնՍի-ի ցանցը կառուցված է օպտիկամանրաթելային մալուխի հիմքի վրա՝ ծածկելով Հայաստանի 80%-ը եւ ունենալով շուրջ 2500 կմ երկարություն:

Ընկերությունը 3 սեփական միջազգային ինտերնետ-կապուղի ունի, որոնցից 2-ը Վրաստանի, 1-ը՝ Իրանի տարածքով:

Ռոստելեկոմը ունիվերսալ հեռահաղորդակցային ընկերություն է, որը Ռուսաստանի խոշորագույն ինտերնետ-օպերատորն է (շուրջ 9 մլն հաճախորդ):