03:37 | 12.12.12 | Նորություններ | 874

Համակարգիչներ վաճառող ընկերությունների կեսն առաջարկում է հենային Windows

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանում համակարգչային տեխնիկա վաճառող ընկերությունների կեսը գնորդներին առաջարկում է հենային Microsoft Windows օպերացիոն համակարգ, վկայում է Business Software Armenia (BSA) ծրագրային ապահովման արտադրողների միության անցկացրած հետազոտությունը:

Միությունը անց է կացրել հետազոտությունը «Mystery Shopper» (Խորհրդավոր գնորդ) ծրագրի միջոցով, որի նպատակն է եղել համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող ընկերությունների մեջ համակարգչային հենության մակարդակի վերաբերյալ տվյալների հավաքումը:

Մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունների կեսը շարունակում է խախտել հեղինակային իրավունքները եւ առաջարկում է գնորդներին համակարգչային տեխնիկա ծրագրերի արդեն իսկ նախապես տեղադրված հենային պատճեներով կամ էլ իրականացնում է դրանց տեղադրումը վաճառքի պահին:

«Ըստ BSA-ի տվյալների, Հայաստանում 2011թ. համակարգչային հենության մակարդակի բարձր ցուցանիշը (88%) հանդիսանում է ինչպես վաճառողների, այնպես էլ համակարգիչների գնորդների` չլիցենզավորված ծրագրային ապահովման ռիսկերի մասին ցածր մակարդակի իրազեկության արդյունքը: Համակարգչային հանցագործությունների ոլորտում մասնագիտացված Group-IB միջազգային ընկերության տվյալներով, դեպքերի 92%-ում  համացանցից հենային ծրագրային ապահովման փնտրումը, ներբեռնումը եւ օգտագործումը վտանգավոր է համակարգչի եւ օգտագործողների անձնական տվյալների անվտանգության համար”,- նշել է Հայաստանում BSA ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը:

Մոնիթորինգի տվյալները փոխանցվել են իրավապահ մարմիններին: «Եթե հայտնաբերված փաստերը չվերացվեն եւ շարունակվեն, ապա BSA-ն մտադիր է խախտում կատարողների դեմ իրավական ներգործության միջոցների դիմել: Խորհրդավոր գնորդների միջոցով Հայաստանի շուկայի մոնիթորինգը կշարունակվի` ընդարձակելով ընդգրկումն ու աշխարհագրությունը», - նշել են BSA-ում: