05:42 | 06.12.12 | Նորություններ | 4358
Երեւան/Մեդիամաքս/. Orange Հիմնադրամը եւ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում են Հայաստանի խոցելի համայնքների զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրի իրականացումը, որոնց առանցքում շարունակում են մնալ երեխաները` կրթություն, առողջություն, նախադպրոցական եւ մարզական դաստիարակություն:
Բարեգործական ծրագրերի շրջանակներում Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում ստեղծվել է նոր մարզադահլիճ: Շինուհայրն ունի 3000 բնակիչ, որոնցից 438-ը դպրոցահասակ են: Նախատեսվում է, որ մարզասրահը կօգտագործվի ոչ միայն աշակերտների, այլ նաեւ համայնքի մյուս բնակչների կողմից:
«Orange Հիմնադրամն իր ուշադրության կենտրոնում է պահում այն խնդիրները, որոնք վերաբերում են երեխաներին եւ խոցելի գյուղական համայնքներին, եւ սրանք առաջին մարզադահլիճները չեն, որոնց բացմանը մենք աջակցում ենք Հայաստանի մարզերում: Այս մարզադահլիճը թույլ կտա, հատկապես ձմեռային ամիսներին, երբ գյուղի բնակիչները սովորաբար հանգստի են անցնում գյուղատնտեսական աշխատանքներից, կազմակերպել այն ակտիվ ու առողջ կերպով», - ասել է Orange Արմենիա Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Մարզադահլիճի կահավորման համար Orange-ը տրամադրել է 2,241,000 դրամ:
Orange-ի աջակցությամբ արդեն յոթ այլ մարզադահլիճներ են բացվել Հայաստանի տարբեր մարզերում. Մալիշկայում (Վայոց Ձոր), Դավիթ Բեկում (Սյունիք), Բասենում, Արեւշատում եւ Մարմաշենում (Շիրակ), Ջուջեւանում եւ Նոյեմբերյանում (Տավուշ) :