03:01 | 06.12.12 | Նորություններ | 2252

Intel-ը Հայաստանում գիտահետազոտական կենտրոն կհիմնի

Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում կմասնակցի «ArmTech Congress»-ի լիագումար նիստին եւ հանդես կգա ելույթով:

ՀՀ Կառավարության ղեկավարը կայցելի նաեւ Plug and Play ինկուբատոր, որտեղ ներկա կգտնվի Հայաստանի ՏՏ ներկայացուցչական կենտրոնի բացման արարողությանը եւ Հայաստանում վենչուրային հիմնադրամի ստեղծման մասին հուշագրի ստորագրմանը:

Նախատեսվում է նաեւ Intel ընկերության կողմից Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրում, Տիգրան Սարգսյանի այցը IBM ընկերության Ալմադեն հետազոտական կենտրոն եւ հանդիպում IBM-ի ղեկավարության հետ:

Դեկտեմբերի 11-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Բոսթոն, որտեղ նախատեսվում է վարչապետի մասնակցությունը Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնում կայանալիք սեմինարին: Տիգրան Սարգսյանը կայցելի նաեւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, կհանդիպի տեղի հայ ուսանողների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: