04:05 | 05.11.12 | Նորություններ | 3495

Օրանժն առաջարկում է երեք նորույթ գործունեության 3-րդ տարեդարձի կապակցությամբ

Երեւան/Մեդիամաքս/. Oրանժը այսօր նշում է Հայաստանում իր գործունեության երրորդ տարեդարձը եւ հանդես է եկել երեք նոր առաջարկներով. անվճար գեղեցիկ համարներ, 60%-ով ավելի ինտերնետ եւ ամսական զեղչեր բաժանորդներին: 

«Մինչեւ դեկտեմբերի 5-ը պլատինե, ոսկե, արծաթե եւ բրոնզե համարները Օրանժում կարելի է ձեռք բերել անվճար՝ միանալով «Խոսենք» կանխաճվարային պլանին, կամ բաժանորդագրվելով Թիթեռ, Պանտերա կամ Դելֆին հետվճարային պլաններին», - ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Օրանժ Արմենիայի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը պարզաբանել է, որ կանխավճարային նոր բաժանորդները կստանան բրոնզե եւ արծաթե համարներ հաշիվը 1 000 դրամով լիցքավորելու դեպքում, իսկ ամսական բաժանորդագրություններին միացողները ձեռք կբերեն անվճար ոսկե կամ պլատինե համար՝ 12 կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում:

«Մեր երկրորդ նորույթը վերաբերում է ներկայիս եւ նոր ինտերնետ-բաժանորդներին. մենք ավելացնում ենք գերարագ ինտերնետի փաթեթները միջինը 60%-ով, ինչպես նաեւ առաջարկում ենք ձեռքբերել մինչեւ 21,6 մբ/վ ներբեռնման արագություն ապահովող մոդեմը 1 դրամով՝ «Ինտերնետ Հիմա 9000» եւ ավելի բարձր սակագնային պլաններին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում», - ասել է Արամ Մկրտչյանը:

Երրորդ առաջարկը, Ֆրանսիս Ժելիբտերի փոխանցմամբ, «հեղափոխական» է հայկական շուկայում եւ ենթադրում է ձայնային եւ ինտերնետ ծառայությունների համատեղում եւ 500-ից 3000 դրամի հասնող մշտական զեղչեր:

«Միաժամանակ ձեռքբերելով Օրանժի ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրություններից մեկը եւ Օրանժ Ինտերնետ՝ բաժանորդները կստանան միասնական հաշիվ եւ ամսական զեղչեր: Առաջարկից կարող են օգտվել նաեւ մեր ներկայիս բաժանորդները, ովքեր օգտվում են ամսական բաժանորդագրությունից կամ մեր ինտերնետ ծառայությունից», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրենը:

Ֆրանսիս Ժելիբտերը նշել է, որ գործունեության երեք տարիների ընթացքում Օրանժին հաջողվել է էապես նպաստել Հայաստանում ձայնային եւ ինտերնետ ծառայությունների շուկայի զարգացմանը: «Արդեն արտասովոր չէ մեծ արագությամբ ինտերնետ ունենալ գրպանում ամբողջ Հայաստանում, արտասովոր չէ ռոումինգից օգտվել այնպիսի սակագներով, ինչպիսիք գործում են երկրի ներսում, արտասովոր չէ անսահմանափակ փոսել մտերիմների հետ», - ասել է ընկերության գլխավոր տնօրենը: