08:14 | 02.11.12 | Նորություններ | 5645
Երեւան/Մեդիամաքս/. Վիվասել ՄՏՍ-ը շուրջ 27 մլն դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի 2 ժամանակակից լաբորատորիաներին:
Մեկ տարի առաջ ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակներում ակադեմիայում ստեղծվել էր կրթական առաջին լաբորատորիան, որի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել էր շուրջ 15մլն դրամ, իսկ Սինոփսիս Արմենիան Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ) անվճար հիմունքներով տրամադրել էր էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական 20 փաթեթի հավաստագրեր:
Նույն հիմունքներով նույնքան հավաստագիր Սինոփսիսը տրամադրել է նաեւ այս տարի, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ընդհանուր ներդրումը հասել է շուրջ 42մլն. դրամի:
«Ժամանակակից աշխարհը թելադրում է իր պահանջները եւ պարտավորեցնում լինել ճկուն` որակյալ կրթություն ստանալու հարցում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատրաստ է աջակցել կյանքի մարտահրավերներն ընդունելու եւ գիտելիքով զինված ապագա կերտելու ուսանողների ձգտումը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Սինոփսիս Արմենիա-ի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցությունը մեծապես նպաստում եւ աջակցում է ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրերի բարելավմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսանողներին առաջարկելով նոր մակարդակի մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ հատկապես միկրոէլեկտրոնիկայի մասնագիտացման շրջանակներում, - ասել է ԵԿՏԱ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատկացրած ֆինանսական աջակցության շնորհիվ, լսարանային տարածքը կհամապատասխանեցվի արդի ուսումնական պահանջներին եւ չափանիշներին, այն կապահովվի համակարգչային տեխնիկայով, ինչպես նաեւ կհատկացվեն ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարներ: