05:50 | 29.10.12 | Նորություններ | 3267

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` Կենդանիների դիմակահանդես-շքերթի հովանավոր

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ Երեւանի կենդանաբանական այգին արդեն 3-րդ անգամ իրականացրել են Կենդանիների դիմակահանդես-շքերթ միջոցառումը:

Միջոցառման նպատակն է բարձրաձայնել կենդանիների իրավունքների մասին, մասնավորապես, Հայաստանի այն կենդանիների, որոնք գտնվում են անհետացման եզրին: Որպես կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետեւողական մոտեցում է դրսեւորում այնպիսի հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանությունն ու պահպանումը:

Երիտասարդությանն ուղղված բնապահպանական իրազեկման քարոզարշավները շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված առավել արդյունավետ միջոցներից են: Այդ տրամաբանության արդյունք է նաեւ Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի կազմակերպած միջոցառումների իրականացմանն աջակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Գերմանիայի Բրեմեն քաղաքից Երեւան էր ժամանել Կոնֆուսաո կառնավալային խումբը: Այս տարի դիմակահանդես-շքերթին մասնակցեցին հարյուրավոր դպրոցականներ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից:

Երթի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակից եւ շարունակվեց Հյուսիսային պողոտայով մինչեւ Հանրապետության հրապարակ: Տոնական միջոցառումը շարունակվեց Կենդանաբանական այգում, որտեղ մասնակիցները վայելեցին բրեմենյան երաժիշտների կենսուրախ համերգը: