05:19 | 26.10.12 | Նորություններ | 3228

Երեւանում տեղի կունենա «BeeCross 2012» ավտոքրոսի մրցույթը

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելը (ապրանքանիշը Beeline), էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան եւ STR սպորտային ակումբը հայտարարել են «BeeCross 2012» հանրապետական ավտոքրոսի մրցույթի անցկացման մասին:

Մրցույթը տեղի կունենա Երեւանի Նուբարաշենի հրաձգարանի տարածքում հատուկ պատրաստված օղակաձեւ մայրուղիով: 2012թ-ի hոկտեմբերի 28-ին կայանալիք «BeeCross 2012» մրցույթին կմասնակցեն ավտոմեքենաներ եւ քառացիկլեր, հայտնել են ԱրմենՏելում:

Վարորդները կմրցեն օլիմպիական համակարգով` կատարելով 3-ական ամբողջական պտույտ ամեն մրցաերթում: Մրցուղու  երկարությունը 1.3 կմ է: Քառացիկլերի դասում կտրվի միասնական մեկնարկ` 15 ամբողջական պտույտով:

«Օղակաձեւ մայրուղիով անցկացվող ավտոքրոս դասի մրցումները կարելի է համարել առավել դիտարժան ավտոսպորտում: Հանդիսատեսը կարող է հեշտությամբ հետեւել, թե ինչպես են մասնակիցները հաղթահարում տարբեր խոչընդոտներ` փոսեր, հատուկ հարթակներ եւ դժվարանցանելի հատվածներ: Վստահ եմ, որ Հայաստանում երիտասարդական սպորտի աջակցմանն ուղղված ընկերության հերթական նախաձեռնությունը ոչ միայն կարժանանա մրցույթի հին սիրահարների ուշադրությանն, այլեւ կգրավի առաջին անգամ մրցույթին այցելած մարդկանց սրտերը», - նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

«Ավտոքրոս մրցաձեւը համարվում է ամենատեսարժաններից ավտոսպորտում. չնայած այդ հանգամանքին այս կարգի մրցումներ մեր երկրում վաղուց չեն իրականացվել: Էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի, STR սպորտային ակումբի ջանքերի եւ մեր հովանավորների շնորհիվ մենք երկարատեւ դադարից հետո վերսկսում ենք ավտոքրոսսի մրցումները», - նշել է էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Միջոցառումը կսկսվի կեսօրին, հանդիսատեսների մուտքն անվճար է: Ավտոքրոսին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մասնակիցներից պահանջվում է սպորտային ամրագոտիներ եւ անվտանգության կարկաս ունեցող ավտոմեքենա: Քառացիկլերի դասում մրցողը պետք է ունենա հատուկ սաղավարտ եւ կոշիկներ:

Մասնակիցների գրանցումը կատարվում է մինչեւ հոկտեմբերի 27-ը` էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի 010-22-80-85 հեռախոսահամարով: