Ռալֆ Յիրիկյանը
03:04 | 25.09.12 | Նորություններ | 3567
Երեւան/Մեդիամաքս/. «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր հովանավորությամբ, ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնը:
Փառատոնի նպատակն է` մի տանիքի տակ համախմբել Հայաստանի եւ արտերկրի դասական երաժշտության հայ կատարողներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է վերջին երկու տասնամյակում արտասահմանում ստեղծագործող մեր հայրենակիցների` Հայաստան այցելությանն աջակցելու եւ իրենց կատարումներով` դասական երաժշտության հմայքը հայ հասարակությանը ներկայանալու նվիրական գործին սատարելու հարցում: Արդեն վեցերորդ տարին`այս փառատոնը մեր երկրի զավակներին հայրենիք է բերում աշխարհի տարբեր անկյուններից: Փառատոնի մասնակիցների թվում են հանրահայտ հայ երաժիշտներ Ֆրանսիայից, Իսրայելից, Դանիայից եւ Գերմանիայից, հայտնել են ընկերությունում:
«Դասական երաժշտությունը կարեւոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար: Որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր եւ կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարեւորություն է տալիս հայաստանյան հասարակության գեղագիտական դաստիարակությանը եւ բազմակողմանի զարգացմանը: Մենք պետք է նպաստենք մեր հասարակությունում դասական երաժշտության մասսայականացմանը, հատկապես` երիտասարդների շրջանում: Չէ՞ որ դասական երաժշտությունն է ի զորու ընդլայնելու մարդու` շրջապատող աշխարհի ամբողջ գեղեկցությունն ըմբռնելու եւ գնահատելու ունակությունը: Երաժշտությունը կարող է հարստացնել մարդու կյանքը եւ օգնել տեսնել աշխարհը նորովի», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: