12:11 | 25.08.12 | Նորություններ | 1145

Apple-ը հաղթել է Samsung-ի հետ պատենտային պատերազմում

Երեւան/Մեդիամաքս/. Քալիֆոռնիայի դաշնային դատարանը վճռել է, որ հարավկորեական Samsung-ը խախտել է Apple-ի մի շարք պատենտներ եւ պարտադրել է վճարել ամերիկյան մրցակցին $1,05 մլրդ-ի փոխհատուցում, հայտնում է Reuters-ը:

Դատարանը որոշել է, որ մի շարք պրոդուկտներ նախագծելիս Samsung-ն ապօրինի օգտագործել է Apple-ի տեխնոլոգիաները. դրանցից են «bounce-back» ֆունկցիան (նկարը հետ է շարժվում, երբ օգտագործողը հասնում է նրա վերջին) եւ «pinch-to-zoom»-ը (երբ երկու մատերի շարժումներով կարելի է խոշորացնել պատկերը): Դատարանը նաեւ կայացրել է, որ Samsung-ը միտումնավոր կրկնօրինակել է իր սարքերի դիզայնը iPhone-ից եւ iPad-ից: Apple-ի կողմից խախտումներ դատարանը չի հայտնաբերել:

Samsung-ի ներկայացուցիչները հայտնել են, որ դատարանի վճիռը կհարվածի ինչպես հարավկորեական ընկերությանը, այնպես էլ ամերիկյան սպառողին, քանի որ սարքերի տեսականին այնտեղ կնվազի, իսկ գները՝ կաճեն:

Փորձագետները նշում են, որ դատավճիռը մեծ հաջողություն է Apple-ի համար եւ հիմք է տալիս նրան դատվելու Android-ի բազայի վրա աշխատող սմարթֆոնների այլ արտադրողների հետ:

Դատավճռից անմիջապես հետո Apple-ի ներկայացուցիչները հայտնել են, որ նոր գործ են պատրաստում հարավկորեական ընկերության դեմ՝ մտադրվելով կանխել Galaxy սպարթֆոնների եւ Galaxy Tab պլանշետների վաճառքը ԱՄՆ-ում:

Apple-ի եւ Samsung-ի փոխադարձ մեղադրանքների մասին կարդացեք այստեղ: