16:04 | 24.08.12 | Նորություններ | 3131

Orange-ն աջակցում է կանանց ձեռներեցության զարգացմանը

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) եւ Orange Հիմնադրամի նախաձեռնած «Ձեռներեց կանայք դառնան կայուն, զարգացող եւ ավելի մրցունակ» կլոր սեղանի վերջին` երրորդ փուլը:

Նախագծի առաջին փուլին մասնակցել են կին ձեռներեցներ, որոնք ներկայացնում են փոքր ու միջին բիզնես ոլորտը: Երկրորդ եւ այսօր մեկնարկած երրորդ փուլին մասնակցում են սկսնակ կին ձեռներեցներ, որոնք, բացի տարբեր փորձագետների հետ հանդիպումներից, որոնց շնորհիվ կկարողանան ձեռք բերել հարկային օրենսդրությանը, մարքեթինգային հմտություններին, բիզնեսի գրված ու չգրված կանոններին վերաբերող գիտելիքներ, կկարողանան նաեւ փորձի փոխանակում ունենալ մանր ու միջին բիզնեսով զբաղվող` արդեն ավելի փորձառու կանանց հետ, հայտնել են Orange Armenia-ում:

«Բիզնեսը նախեւառաջ ենթադրում է համապատասխան օրենքների եւ որոշակի կանոնների իմացություն: Գործի կազմակերպման առաջին իսկ քայլերից առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնք առնչվում են PR-ի կամ գովազդի կազմակերպմանը, մարքետինգին եւ շուկայում կողմնորոշվելու համար անհրաժեշտ ռազմավարությանը: Բազմաթիվ գործարար կանանց համար աշխատանքի այդ կողմը դեռ անհայտ, չուսումնասիրված տարածք է»,- ասել է ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:

«Լինելով երկրում կարեւոր տնտեսական դերակատարում ունեցող ընկերության կորպորատիվ հիմնադրամ` մենք ցանկանում ենք աջակցել փոքր ու միջին բիզնեսում ներգրավված անձանց գործել եւ վստահ զգալ բազմաթիվ գիտելիքներ ու հմտություններ պահանջող իրենց աշխատանքում: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի կայուն զարգացման համար ուժեղ փոքր ու միջին բիզնեսի կայացումը չափազանց կարեւոր է, իսկ կանանց ներգրավումը` մեծ առավելություն», - նշել է Orange Արմենիայի Հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:

Նախագծի շրջանակներում ՓՄՁ աջակցության գործակալությունը կաջակցի ստանալ ֆինանսավորում այն կանանց, ովքեր լավ բիզնես պլան կկարողանան ներկայացնել: