13:31 | 23.08.12 | Նորություններ | 3855

Հայ մարզիկները կմասնակցեն Batumi Extreme Fest 2012-ին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ), Կոնվերս բանկի  եւ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ էքստրեմալ տարբեր մարզաձեւերի 10 թիմ Հայաստանից կմասնակցի Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձեւերի միջազգային 2-րդ փառատոնին:

Օգոստոսի 23-ից 26-ը անցկացվող մրցումներին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից: 40 հայ մարզիկներ կցուցադրեն իրենց վարպետությունը արտաճանապարհային մեքենաներ վարելու` Jeep-Trial մարզաձեւի Standart, Monster, Extreme դասերում, ինչպես նաեւ մոտոկրոսի եւ ռաֆթինգի մրցումներում, հայտնել են Արմենտելից:

«ԱրմենՏել-ի անունից ցանկանում եմ, որ մեր մարզիկների հաջող ելույթները ցուցաբերեն թիմային ոգի, փոխօգնություն եւ հաղթանակի անսասան ձգտում:  Երիտասարդների մոտ հենց այդ հատկանիշների արտահայտմանն է ձգտում ԱրմենՏելը, սատարելով երիտասարդության շրջանում անցկացվող մարզական տարբեր նախաձեռնություններն ու նախագծերը», - նշել է Արմենտել-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Jeep Trial-ը բնական եւ արհեստական խոչընդոտներով ճանապարհին մեքենա վարելու մրցույթ է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշներն են արագությունը եւ հստակությունը: Ռաֆթինգը լեռնային գետերով կամ թիավարման արհեստական ջրանցքներով արագընթաց վարում է 2, 4 կամ  6-տեղանող փչովի նավակներով: