12:32 | 20.08.12 | Նորություններ | 11351

Թողարկվել է Rome Total War խաղի հայկական «Տիգրան Մեծ» mod-ը

Երեւան/Մեդիամաքս/. Թողարկվել է Rome Total War ռազմավարական համակարգչային խաղի հայկական «Տիգրան Մեծ» մոդիֆիկացված տարբերակը:

Ինչպես օգոստոսի 18-ին Երեւանում կայացած խաղի շնորհանդեսին տեղեկացրեց խաղը նախագծած «Քարերի երկիր» թիմի ղեկավար Տիգրան Սարգսյանը, խաղացողներին առաջարկվում է անցնել Տիգրան Մեծի պատմական ուղին`ընդլայնելով Հայաստանի տարածքները` ռազմավարական խաղերին բնորոշ գործիքների կիրառմամբ:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ խաղն իր բնույթով ուսուցողական է. «Այն նախագծելիս մենք օգտագործել ենք բազմաթիվ պատմական աղբյուրներ, ինչպես նաեւ օգտվել ենք մասնագետների խորհրդատվությունից, այնպես որ խաղը մեծ ուսուցողական դեր կխաղա երեխաների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նա նշել է, որ նախագծողները խաղի տարածումից եկամուտ չեն ակնկալում, արել են դա` ելնելով հայրենասիրական նկատառումներից եւ առաջիկայում հասանելի կդարձնեն այն ազատ բեռնման համար: