16:59 | 15.08.12 | Նորություններ | 3448
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ի (Beeline ապրանքանիշ) եւ Կոնվերս Բանկի աջակցությամբ արտաճանապարհային մեքենաների հայ վարորդների 3 թիմ մասնակցել է “Սարցե դարաշրջան 2012” ռուսաստանյան 5-րդ ջիպ-փառատոնին:
Ռուսաստանի ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի կազմակերպած միջոցառմանը մասնակցել է 126 թիմ: Հայաստանը ներկայացնող 3 թիմ հաջողությամբ մասնակցել է փառատոնին՝ հաղթահարելով 520 կմ երկարությամբ երթուղին` Պյատիգորսկ քաղաքից մինչեւ Էլբրուսի ստորոտ, հայտնել են ԱրմենՏել-ում:
Հյուսիսային Կովկասի մրցուղիներում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են «Սարցե դարաշրջան 2012» փառատոնի կազմակերպիչների բարձր գնահատականի եւ պարգեւատրվել որպես «Առավել դիմացկուն եւ բարձր կամքի ուժ ցուցաբերած թիմ»:
«Միջազգային հեղինակավոր մրցաշարերում հայ վարորդների մասնակցությունը վկայում է, որ հայկական ավտոսպորտը զարգացում է ապրում: Աջակցելով էքստրեմալ սպորտի տարբեր մրցաշարերին՝ ԱրմենՏելը ձգտում է ոչ միայն բարձրացնել այդ մարզաձեւերի հեղինակությունը երիտասարդության շրջանում, այլեւ ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: Այսօր կարելի է փաստել, որ մենք ունենք լուրջ հաջողություններ»,- նշել է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Փառատոնին մասնակցելու հրավերը վկայում է, որ «Ադրենալին» ասոցիացիային հաջողվել է բարձրացնել երկրում էքստրեմալ սպորտի մակարդակը` ստեղծել կառույց, որը ստանում է միջազգային մրցումներին մասնակցելու հրավերներ, վստահ քայլերով շարժվում առաջ եւ նվաճում նոր հորիզոններ», - նշել է Հայաստանի էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:
«Սարցե դարաշրջան» փառատոնն անցկացվում է ամեն տարի: Մրցաշարին կարող են մասնակցել լիաքարշակ արտաճանապարհային մեքենաներ: