Երեւան/Մեդիամաքս/. Այսօր 18:30-ից 20:00 շուրջ 3000 պատանիներ կհավաքվեն Թումո պլազայում՝ նշելու ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մեկամյա տարեդարձը:
Մեկ տարի անց կենտրոնում արդեն ուսուցանում է 12-18 տարեկան 6000-ից ավելի պատանի, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը, հայտնել են կենտրոնում:
Կենտրոնում պատանիները կարող են ձեռքբերել գիտելիքներ և զարգացնել հմտություներ չորս հեռանկարային ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և թվային մեդիա: Պատանիները այստեղ ձեռք են բերում թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ, ձևավորում վերլուծական մտածելակերպ, զարգացնում նախաձեռնողականություն: Նրանք ստեղծագործում են նոր մեդիա գործիքների կիրառմամբ` միաժամանակ աշխատելով իրական նախագծերի վրա:
Կենտրոնում գործում է Ռոբոտաշինության նախագիծը: Այն հնարավորություն է տալիս Թումո պատանիներին սովորելու ռոբոտների ծրագրավորում LEGO Mindstorms NXT-G գրաֆիկական լեզվով՝ համագործակցելով տեղացի և արտերկրից ժամանած մասնագետների հետ: Երաժշտությամբ հետաքրքրված պատանիների համար անց է կացվում համակարգչային երաժշտության դասընթաց:
Թումոն իրականացնում է նաև մի շարք նախագծեր, որոնցում ընդգրկված երիտասարդները ծանոթանում են անիմացիայի ստեղծման աշխատանքներին և մասնագետների աջակցությամբ ստեղծում տեսահոլովակներ: Վերջերս համացանցում հայտնվեց հանրահայտ ռոք-երգիչ Սերժ Թանկյանի \"Uneducated Democracy\" (\"Անգրագետ ժողովրդավարություն\") նոր երգի տեսահոլովակը, որի պատրաստման աշխատանքներում ընդգրկված էին Թումոյի 14-18 տարեկան մի խումբ սաներ:
Թումո կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ուսուցումը Թումոյում անվճար բոլոր 12-16 տարեկան պատանիների համար: