14:24 | 14.08.12 | Նորություններ | 2779

ԱրմենՏելը փոխհատուցում կտրամադրի բաժանորդներին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերությունն (ապրանքանիշը Beeline) այսօր հայտարարել է, որ ընկերության ցանցում արձանագրված խափանումների պատճառը ծրագրային ապահովման թարմացված տարբերակի անկայունությունն էր:

«Ընկերությունն անմիջապես ձեռնարկել է համապատասխան սարքավորումների եւ համակարգերի ամբողջական փոխարինման համար անհրաժեշտ գործողություններ:
Խափանումների պատճառների եւ կատարվող աշխատանքների վերաբերյալ ընկերությունը մանրամասն տեղեկություններ կտրամադրի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Հանձնաժողովի հետ համատեղ կիրականացվի տեղի ունեցածի պատճառների եւ հետեւանքների վերլուծություն», - ասված է ԱրմենՏելի հայտարարության մեջ:

Պատճառած անհարմարությունների համար «ԱրմենՏել» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը եւ հայտարարում Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մասին:

Հատուցումը` անվճար 30 ներցանցային րոպե եւ 10 ՄԲ շարժական ինտերնետ, կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց: Ս.թ. օգոստոսի 16-ից բաժանորդները կարող են անվճար րոպեներն ու մեգաբայթերը ստանալու հարցումներ հղել ` ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ եւ ստանալով բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ պատասխան SMS-հաղորդագրություն: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել օգոստոսի 17-ից Ժ 0:00-ից` 10 օրվա ընթացքում: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը սպառելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային պլանի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում: