12:38 | 18.07.12 | Նորություններ | 3842
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօրվա նիստում թույլ է տվել Օրանժ Արմենիային զբաղեցնել հանրային ամրակցված հեռախոսային ցանցի «6065» ոչ աշխարհագրական կոդը եւ նրա «xxxx» համարային շարքը (10 000 հեռախոսահամար):
ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը նշել է, որ ընկերությունը նախատեսում է ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մատուցել իր GSM ծածկույթի ողջ տարածքում եւ այժմ գտնվում է համապատասխան սարքավորումների ձեռքբերման գործընթացում:
Օրանժ Արմենիայի փոխկապակցման կոորդինատոր Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ընկերությունը մատուցելու է ֆիքսված կապի ծառայություններ Հայաստանում GSM տեխնոլոգիայով, «երբ SIM-քարտը տեղադրվում է ֆիքսված ցանցի հեռախոսի մեջ», որի պարագայում վերանում է լարային ցանց կառուցելու անհրաժեշտությունը: «Նման եղանակով ֆիքսված կապի ծառայություններ Հայաստանում դեռ չեն կիրառվել, սակայն լայն տարածում են ստացել Եվրոպայում», - նշել է Վահե Հովհաննիսյանը, հավելելով, որ ծառայության մատուցումը նախատեսում է սկսել մինչեւ այս տարեվերջ:
Ներկայումս Հայաստանում ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ են մատուցում ԱրմենՏել (ապրանքանիշը՝ Beeline) եւ Յուքոմ ընկերությունները: