09:45 | 18.07.12 | Նորություններ | 2087

Հղի գեղեցկուհին կփորձի փրկել Yahoo-ն

Երեւան: Մեդիամաքս: Մարիսա Մայերը Yahoo!-ի նոր գլխավոր տնօրենն է` վերջին 12 ամիսների ընթացքում դառնալով ընկերության արդեն 3-րդ ղեկավարը: 

Ինչպես այսօր գրում է РБК Daily-ն, անցյալ 13 տարիները Մարիսա Մայերն աշխատել է Google-ում, որտեղ ճանապարհ է անցնել սովորական ինժեներից մինչեւ ընկերության փոխնախագահ: Ներկայումս նա պետք է վերակենդանացնի Yahoo!-ն` գովազդի եւ ինտերնետ որոնման երբեմնի առաջատարին, որը զիջում է Facebook-ի եւ Google-ի հետ մրցակցային պայքարում:

37-ամյա Մարիսա Մայերը Google-ի համահիմնադիր Լարի Փեյջի նախկին ընկերուհին է: Նա Սթենֆորդի համալսարանի մագիստրոսի կոչում ունի, հաճախ կազմակերպում է երեկույթներ Սիլիկոնյան հովտի թոփ մենեջմենթի համար:   

Yahoo!-ի տնօրենների խորհրդին չի կանգնեցրել անգամ այն փաստը, որ Մարիսա Մայերը հղի է եւ պետք է ծննդաբերի հոկտեմբերի սկզբին: Նա խոստացել է, որ արձակուրդ կվերցնի ընդամենը մի քանի շաբաթով: