11:02 | 11.07.12 | Նորություններ | 2671
Երեւան:Մեդիամաքս:Հուլիսի 10-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) մեկնարկել է «Մեքենաշինական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացման տեխնիկա-2012» միջազգային գիտատեխնիկական գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են գիտնականներ Մագդեբուրգի Օտտո-Վոն-Գերիկեի համալսարանից (Գերմանիա), Սիլեսիան տեխնոլոգիական համալսարանից (Լեհաստան), Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի առաջատար տեխնիկական բուհերից, Բելառուսի ազգային եւ Թբիլիսիի պետական տեխնիկական համալսարաններից, Ուզբեկստանի ԳԱ մեխանիկայի ինստիտուտից:
ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը հույս է հայտնել, որ նման ներկայանալի կազմով գիտաժողովը կանցնի գիտական ստեղծագործական միջավայրում, որը հիմք կդառնա Հայաստանում մեքենաշինության եւ տեխնոլոգիաների զարգացման համար:
«Մեքենաշինությունը միայն հաստոցաշինություն չի: Ոչ բոլորն են պատկերացնում, որ տեխնիկայի հիմնաքարը մեքենաշինությունն է: Մեր նպատակն է այսպիսի գիտաժողովների միջոցով Հայաստանին բերել մեքենաշինության ոլորտի այն երբեմնի փառքը, որն ունեցել ենք Խորհրդային Միության տարիներին»,- ասել է
գիտաժողովի նախաձեռնող, ՀՊՃՀ Մեքենաշինական ֆակուլտետի պրոֆեսոր Ստեփան Խրիստաֆորյանը: