12:27 | 29.06.12 | Նորություններ | 1256

Հայ Արիական Միաբանություն vs. «Օդնոկլասնիկի»

Երեւան/Մեդիամաքս/. Հայ Արիական Միաբանությունն իր վրդովմունքն է հայտնել  «Օդնոկլասնիկի» սոցցանցի պատասխանատուների  «անպատասխանատու վերաբերմունքի եւ ԿԳԲ-ական գործելաոճի համար»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ավելի քան մեկ տարի առաջ ՀԱՄ լրատվական կենտրոնը «Օդնոկլասնիկի» սոցցանցում բացել էր ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի անունով էջ, որտեղ տեղադրված են եղել միայն «ՀԱՄ առաջնորդի անձնական ու գործնական նկարները, հայ-արիների խորհրդանշաները, քարտեզներ, ինչպեսեւ՝ Հայ Աստվածների, Հայաստանի բնության, հերոսների ու հուշարձանների պատկերներ»:

«Մի քանի անգամ վերոնշյալ կայքէջը անջատել-միացնելուց հետո (բողոքները եղան մեր կողմից), այժմ այս ռուսաստանյան սոցցանցի պատասխանատուները ԿԳԲ-ական մեթոդներով՝ ստոր բանսարկությամբ փակեցին ՀԱՄ առաջնորդի կայքէջը՝ հայտնելով, թե իրենց կանոններով արգելվում է սոցիալական, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամության եւ պատերազմի քարոզը եւ նման անհեթեթություններ, որպիսիք երբեւիցե չեն արծարծվել ՀԱՄ առաջնորդի կամ նրա կայքէջի պատասխանատուների կողմից: Ընդհակառակը՝ շատ ադրբեջանցիներ, թուրքեր եւ այլազգիներ միշտ փորձել են վիրավորական տողեր թողնել ՀԱՄ առաջնորդի կայքէջում, որոնք միշտ արհամարհվել են ու մաքրվել»,- ասված է հայտարարության մեջ:

ՀԱՄ լրատվական կենտրոնը բոլոր հայ-արիականներին կոչ է արել բոյկոտել «Օդնոկլասնիկի» սոցցանցը: