17:55 | 01.06.12 | Նորություններ | 1222

    Այսօրվանից ՀՀ քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական անձնագրեր

    Երեւան: Մեդիամաքս: Այսօրվանից  Հայաստանի քաղաքացիները կարող են ձեռք բերել կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրեր եւ նույնականացման քարտեր:

    Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, այսօր Երեւանում ներկայացնելով նորամուծության առանձնահատկությունները, նշել է, որ նույնականացման քարտը պարունակելու է քաղաքացու տվյալների էլեկտրոնային պահոց, որտեղ ամրագրվելու են օրենքով նախատեսված տվյալներ:

    Կեսաչափական անձնագրերի էլեկտրոնային պահոցում ամրագրվելու են տեղեկություններ անձի վերաբերյալ, այդ թվում՝ քաղաքացու թվայնացված լուսանկարը, ստորագրությունը, մատնադրոշմները: Ըստ փոխոստիկանապետի, այս փաստաթղթերը դյուրացնում են նաեւ այլ երկրների մուտքի  արտոնագրերի տրամադրումը:

    Հայաստանում նույնականացման ժամանակակից փաստաթղթերի ներդրումն  իրականացնող «Լեհաստանի արժեթղթերի արտադրության ֆաբրիկա»  ընկերության նախագահ Քշիշտոֆ Ժարնոտալին նշել է, որ նոր տեսակի փաստաթղթերը գրեթե անհնար են դարձնում անձնական տվյալների գողությունը եւ փաստաթղթերի կեղծումը:

    ՀՀ քաղաքացիները ժամանակակից փաստաթղթերը ստանալու են կամավորության  սկզբունքով: