11:10 | 31.05.12 | Նորություններ | 2146

Իրանն առաջին կիբերպատերազմի թիրախ է դարձել

Երեւան/Մեդիամաքս/. Առաջին անգամ պատմության մեջ մի շարք երկրներ պետության կողմից ստեղծված կիբերզենքի միջոցով հարձակման են ենթարկվել:

Հարձակման գլխավոր թիրախը Իրանն է, սակայն հարձակման ենթարկված երկրների շարքում են նաեւ Սիրիան, Սուդանը, Լիբանանը, Սաուդյան Արաբիան եւ Եգիպտոսը, այսօր գրում է Կոմերսանտը:

Թեհրանը հայտնաբերել է, որ իր պետական մարմինների համակարգչային համակարգերից գաղտնի տեղեկատվություն է անհետանում: Վիրուսի հայտնաբերման համար Իրանի իշխանությունները դիմել են Էլեկտրահաղորդակցության միջազգային միությանը, որն իր հերթին լրտեսի փնտրտուքները հանձնարարել է ռուսաստանյան «Կասպերսկու Լաբորատորիային», հունգարական CrySys Lab-ին եւ Symantec-ի իռլանդական ներկայացուցչությանը: 

Փորձագետների կողմից հայտնաբերված վիրուսն ապշեցրել է ծրագրավորողներին: «Այն այսօրվա դրությամբ ամենաբարդ կիբերզենքն է»,- ասել է «Կասպերսկի Լաբորատորիայի» ներկայացուցիչ Ալեքսանդր Գոստեւը: 

Ենթադրվում է, որ իրանական պետական մարմիններին վնաս հասցրած վիրուսը  նախկինում հայտնի Flame վիրուս-լրտեսներից ամենավտանգավորն է: 

Իրանը եւ փորձագետների մեծամասնությունը կարծում են, որ հարձակման մտահղացումը Իսրայելին է պատկանում: Ենթադրվում է, որ վիրուսը գործածվել է 2010 թվականին եւ արդեն մի քանի հազար համակարգիչներ է վարակել:

Փորձագետների տվյալներով, Flame-ը ներմուծվում է համակարգիչ ֆլեշի կամ տեղային ցանցի միջոցով, պատճենում է դրանում պահպանվող տեղեկատվությունը եւ ուղարկում այն հրահանգող սերվերներին: Այն ոչ միայն տեղեկատվություն է գողանում, այլեւ ամեն 60 վայրկյանը մեկ սքրինշոթներ անում: Եթե բաց է էլեկտրոնային փոստը կամ ICQ-ը, սքրինշոթներն արվում են յուրաքանչյուր 15 վայրկյանը մեկ: Ծրագիրը թույլ է տալիս հեռացված մուտքի շնորհիվ միացնել ներկառուցված միկրոֆոնը եւ ձայնագրել: Ավելին, Wi-Fi եւ Bluetooth օգտագործելով` այն հավաքագրում է տեղեկատվությունը նաեւ հարակից սարքերից՝ բջջային հեռախոսներից եւ նոութբուքերից: Նախկինում հայտնի ծրագրերից ոչ մեկը թուլ չէր տալիս գողանալ տվյալները նման զանազան միջոցներով:

Բոլոր փորձագետները համակարծիք են, որ նման վիրուս ստեղծել ի վիճակի են միայն պետական մարմինները: