16:55 | 11.05.12 | Նորություններ | 849

Քննարկվել են պետգնումների ոլորտում առկա խնդիրները

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է պետգնումների ոլորտում առկա խնդիրներն ուսումնասիրող փորձագիտական խմբի առաջին հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, տեխնոլոգիական ոլորտում պետգնումների բարեփոխման առաջարկով հանդես է եկել Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ), որը ապրիլի վերջին հայտարարել էր «Տեխնոլոգիական ոլորտում պետական տենդերների եւ գնումների գործընթացում մշտադիտարկում եւ բարեփոխում» 7-ամսյա ծրագրի մեկնարկի մասին:

Խմբում ընդգրկված են պետգնումներին մասնակցող ընկերությունների եւ գնումներ իրականացնող պետական մարմինների ներկայացուցիչներ: Այսօր քննարկվել են պետգնումների ոլորտում խնդիրները, դրանց գոյացման պատճառները եւ լուծման առաջարկությունները:

Ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները, Նորք տեղեկատվա-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը մատնանշել է, մասնավորապես, հայտարարվող մրցույթների մասին տեղեկատվության չհամակարգված լինելը, հայտերի ընդունման, գնման առարկայի ձեռքբերման ոչ ճիշտ ժամկետների սահմանումը, թղթատարությունը, թափանցիկության ոչ բավարար մակարդակը եւ կոռուպցիոն ռիսկերը:

Ծրագրի արդյունքում ԻՏՁՄ-ը կառավարությանը կներկայացնի ոլորտի բարեփոխման վերաբերյալ օրենսդրական եւ վարչարարական առաջարկներ՝ հիմնված էքսպերտային խմբի քննարկումների հիման վրա: