12:03 | 06.04.12 | Նորություններ | 2572

ԻՏՁՄ նախագահ. Հայաստանի ՏՀՏ ոլորտը 2011-ին աճել է 30%-ով

Երեւան/Մեդիամաքս/. Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Հովհաննես Ավոյանն այսօր ասել է, որ 2011թ-ին ՏՀՏ ոլորտը Հայաստանում աճել է 30%-ով:

Հանդես գալով միության 12-րդ համագումարին` Հովհաննես Ավոյանն ասել է, որ աճը կարող է նույնիսկ ավելի դինամիկ լինել մի շարք խնդիրների լուծման դեպքում:

«Խնդիրներից առաջնահերթը մարդկային ռեսուրսներն են: Ընկերությունները դժգոհ են բուհական կրթության մակարդակից եւ սկսում են սեփական ուժերով մասնագետներ պատրաստել: Այս տարի միությունը հատուկ ուշադրություն է դարձնելու կրթական համակարգին աջակցությանը եւ ոլորտի համար անհրաժեշտ մասնագետների պատրաստման տեմպերի աճին»,- ասել է միության նախագահը, հավելելով, որ ներկա պահին ոլորտը, որտեղ ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 10 000 մասնագետ, պատրաստ է կլանել եւս մինչեւ 2000-ի:

Միությունն այս տարի աշխատելու է նաեւ ոլորտում սթարթափների ստեղծման խթանման ուղղությամբ: «Այս ոլորտն այնպիսին է, որ լինելով Հայաստանում, հնարավորություն է ընձեռում ստեղծել գլոբալ շուկայում մրցակցային ընկերություն եւ մենք մեր պարտքն ենք համարում տարածել երիտասարդության մեջ ՏՏ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու վարակը»,- ասել է Հովհաննես Ավոյանը:

Ըստ նրա, երրորդ թիրախը միության համար լինելու է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման խթանումը: «Այս առումով պետք է նշել 2011-ի «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսի աննախադեպ հաջողությունները. մասնակից ընկերությունների թիվն աճել է 70%-ով եւ կազմել 110, իսկ այցելուների թիվը կազմել է 18 000 (2010-ի համեմատ աճ 3000-ով)», - նշել է ԻՏՁՄ նախագահը:

Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն իր հերթին ասել է, որ ի թիվս այլ խնդիրների, այս տարի միությունն աշխատելու է էլեկտրոնային առեւտրի հետ կապված խնդիրների վերջնական լուծման եւ պետական գնումների տենդերներին ՏՏ ընկերությունների մասնակցության անաչառության ապահովման ուղղությամբ: