10:09 | 02.04.12 | Հոդվածներ | exclusive 2745
Հայաստանում հայ-հնդկական «ՏՀՏ գերազանցության կենտրոնի» ստեղծման միտքն առաջին անգամ բարձրացվել էր 2007թ. հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստում: Գաղափարն իրագործվեց 2011-ի նոյեմբերին, երբ կենտրոնը բացվեց Երեւանի պետական համալսարանի տարածքում: Նախագծի իրականացման գործընկերներն են հնդկական Առաջադեմ համակարգչային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը (Centre for Development of Advanced Computing, C-DAC) եւ հայկական Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Կենտրոնը ոչ միայն ուսումնական, այլ նաեւ գիտահետազոտական աշխատանքների իրականացման բացառիկ վայր է Հայաստանում` հաշվի առնելով այնտեղ տարածաշրջանում միակ հնդկական Param սուպերհամակարգչի առկայությունը:
Ի՞նչ է սուպերհամակարգիչը
Սուպերհամակարգիչներն օգտագործվում են բարդ եւ ինտենսիվ հաշվարկներով հագեցած առաջադրանքներ կատարելու համար, որոնք կարող են վերաբերվել, օրինակ, քվանտային ֆիզիկային, եղանակի կանխատեսմանը, կլիմայական հետազոտություններին, հանքավայրերի հետազոտությանը, մոլեկուլյար մոդելավորմանը, ֆիզիկական սիմուլացիային եւ այլն:
Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի ծրագրերի համակարգող Ռուզաննա Սաֆարյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմել է, որ սուպերհամակարգիչը տրվել է կենտրոնին իր ամբողջական ծրագրային ապահովմամբ եւ հնարավորություն է ընձեռում բարձր արտադրողականությամբ հաշվողական աշխատանքներ իրականացնել:
«Եթե կան գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող այնպիսի մասնագետներ, որոնց չի բավականացնում սովորական համակարգչի հզորությունը, օրինակ, իրենց մաթեմատիկական մոդելներն իրագործելու համար, նրանք կարող են դիմել մեզ», - առաջարկում է Ռուզաննա Սաֆարյանը:
Կենտրոնը ոչ միայն ուսումնական, այլ նաեւ գիտահետազոտական աշխատանքների իրականացման բացառիկ վայր է Հայաստանում
(ֆոտո` Հայ-հնդկական ՏՀՏ կենտրոն)
Դասընթացներ
Իսկ մինչ ներկայիս գիտնականները որոշում են, օգտվել սուպերհամակարգչից թե ոչ, ապագա գիտնականները եւ ՏՏ մասնագետները կենտրոնում ստանում են աշխատելու եւ ստեղծագործելու համար անհրաժեշտ գիտելիքներ:
Կենտրոնը բացվել է նոյեմբերին, բուն գործունեությունը սկսել է դեկտեմբերից եւ մինչ այսօր անցկացրել է շուրջ 15 դասընթացներ՝ ավելի քան 200 մասնակիցներով, ինչպես նաեւ 7 սեմինարներ՝ ավելի քան 60 մասնակիցներով:
«Հայ-հնդկական կենտրոնը տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնք դուրս են մնում այլ ուսումնական կենտրոնների ուշադրությունից», - պարզաբանում է Ռուզաննա Սաֆարյանը:
Կենտրոնում դասավանդվում են Open Source տեխնոլոգիան, Linux համակարգը, վեբ-տեխնոլոգիաները, Java Script ծրագրավորման լեզուն, մոբայլ աշխատածրագրեր, իսկ հետագայում նախատեսվում է դասընթացներ կազմակերպել ամպային տեխնոլոգիաների (Cloud computing) եւ Adobe ընկերության ապրանքատեսակների, ինչպես նաեւ շուկայում պահանջարկ վայելող այլ լուծումների վերաբերյալ: Կենտրոնը բանակցում է այլ կազմակերպությունների հետ՝ վերջիններիս աշխատակիցների համար համապատասխան կորպորատիվ դասընթացների կազմակերպման ուղղությամբ:
Դասընթացները կենտրոնում հիմնականում անցկացվում են երեկոյան ժամերին, ինչը դրանք հարմար է դարձնում աշխատանք ունեցողներին
(ֆոտո` Հայ-հնդկական ՏՀՏ կենտրոն)
«Ներկայումս մեզ մոտ աշխատում են 2 մասնագետներ Հնդկաստանից, որոնց շնորհիվ շատ մատչելի գներով անցկացվել են 6-7 մասնագիտական դասընթացներ: Արտերկրում նման դասընթացները եռակի թանկ կլինեին», - պատմում է Ռուզաննա Սաֆարյանը:
Դասընթացները կենտրոնում հիմնականում անցկացվում են երեկոյան ժամերին, ինչը դրանք հարմար է դարձնում աշխատանք ունեցողներին: Դրա հետ մեկտեղ կենտրոնն ունի հարուստ գրադարան՝ 6000-ից ավելի գրքերով, ինչը եզակի մասնագիտական գրադարան է Հայաստանում, ինչպես նաեւ առաջարկում է C-DAC-ի հեռահար ուսուցման е-Sikshak ծրագիրը:
Շատ ՏՏ մասնագետներ Հայաստանում չեն տիրապետում անգլերենին
Լուրջ խնդիր է, երբ հայաստանյան մասնագետը տիրապետում է լավ գիտելիքների եւ ստեղծում պահանջարկ վայելող արժեք, սակայն չի կարող այն ներկայացնել դրսի պատվիրատուին: Կամ մեկ այլ դեպք, երբ հայ մասնագետը կանգ է առնում զարգացման որեւէ մակարդակի վրա եւ առաջ չի շարժվում՝ լեզվական արգելքի պատճառով: Եւս մեկ խնդիր է շատ ՏՏ-մասնագետների մոտ մարքեթինգային գիտելիքների սակավությունը, ինչը թույլ չի տալիս հասկանալ ժամանակի պահանջը եւ օգտակար գործիքներ նախագծել:
Կենտրոնն ունի Հայաստանի համար եզակի մասնագիտական գրադարան` 6000-ից ավելի գրքերով
(ֆոտո` Հայ-հնդկական ՏՀՏ կենտրոն)
Այս խնդիրները լուծելու համար կենտրոնը առաջիկայում նախատեսում է զարգացնել նաեւ հայկական ՏՏ մասնագետների ոչ տեխնիկական գիտելիքները, մասնավորապես, անգլերենի եւ մարքեթինգի հիմունքների իմացությունը: «Երկշաբաթյա դասընթացների արդյունքում մասնակիցները պատրաստել էին իրենց առաջին վեբկայքերը, որոնց, իմ գնահատմամբ, ամենաթույլ կողմը (եթե մի կողմ դնենք տեխնիկական կատարման բաղադրիչը) մարքեթինգային տեսանկյունից ոչ հեռանկարային լինելն էր: Մինչդեռ շուկայում պահանջարկ վայելող ռեսուրսը կարող է դառնալ լավ սթարթափ: Այսպիսով, տեխնիկական գիտելիքներից բացի մենք փորձելու ենք նաեւ խթանել մարդկանց մոտ նորարար մտքեր», - ասել է Ռուզաննա Սաֆարյանը:
Այստեղ կարելի է սկսել զրոյից
Հայ-հնդկական ուսումնական կենտրոնի դասընթացներին եւ սեմինարներին մասնակցելու համար բոլորովին պարտատիր չէ լինել մասնագիտությամբ ծրագրավորող: Պարզվում է, կարելի է սկսել զրոյից. «Շատ ուսանողներ, որոնք գալիս են դասընթացների, բոլորովին գիտելիքներ չունեն վեբ-տեխնոլոգիաների մասին» - նշում է Ռուզաննա Սաֆարյանը:
Այս խնդիրը Հայաստանի համար խորքային է եւ պայմանավորված է նրանով, որ բարձր որակավորում ունեցող տեղական ՏՀՏ-մասնագետները գերադասում են աշխատել մասնավոր ընկերություններում եւ ժամանակ չեն ունենում բուհերում դասավանդելու համար: Արդյունքում, ուսանողները ունենում են հիմնականում տեսական գիտելիքներ, որոնք բավարար չեն ՏՏ-ոլորտում կարիերա սկսելու համար:
Հնդիկ մասնագետների շնորհիվ կենտրոնում մատչելի գներով անցկացվում են մասնագիտական դասընթացներ
«Մենք փորձում ենք լուծում տալ դասախոսների վերապատրաստման խնդրին եւս եւ բոլոր դասընթացների ժամանակ որոշակի անվճար տեղեր տրամադրում ենք նաեւ դասախոսներին», - ասում է Ռուզաննա Սաֆարյանը:
Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի պես կառույցների ձեւավորումն իրոք առանցքային նշանակություն ունի մեր երկրում ոլորտի ապագայի համար:
Ռուբեն Հարությունյան