09:39 | 02.03.12 | Հոդվածներ | 7503
Մինչդեռ մարզերի բնակիչները խուրձերով արբանյակային ալեհավաքներ են տեղադրում իրենց տանիքներին՝ Հ1-ից բացի այլ հայկական (իսկ ավելի ստույգ՝ երեւանյան) հեռուստաալիքներ դիտելու համար, շատ երեւանցիներ, երեկոյան աշխատանքից վերադառնալիս, միացնում են հեռուստացույցը եւ դիտում օտարերկրյա, հիմնականում ժամանցային հեռուստաալիքներ: Այս հնարավորությունը մայրաքաղաքի բնակիչներին ընձեռում են մալուխային հեռուստատեսության օպերատորները, որոնց մրցակցությունը վերջին տարիներին մեծ թափ է հավաքում:
Հայաստանում այսօր վճարովի մալուխային հեռուստատեսության ծառայություններ մատուցում են 30-ից ավելի ընկերություններ, սակայն նրանցից միայն խոշորագույն երեքն են հեռարձակում թվային ազդանշան, ինչը թույլ է տալիս ստանալ ավելի որակյալ պատկեր եւ ձայն, ընդհուպ մինչեւ HD: Օպերատորներից երկուսը՝ Ինտերակտիվ ԹիՎի-ն եւ Եվրոկաբել-ը, դասական մալուխային օպերատորներ են եւ աշխատում են DVB-C ստանդարտով (Digital Video Broadcasting), իսկ երրորդը՝ Յուքոմ-ը, հեռարձակում է ալիքները IPTV տեխնոլոգիայով, որը հեռուստատեսության նոր սերունդն է եւ ընձեռում է ինտերակտիվության ավելի լայն հնարավորություններ:
Օպերատորներից ոչ մեկը դեռ չի մատուցում իր ծառայությունները Երեւանից դուրս, թեեւ բոլորն էլ նման մտադրություններ ունեն: Յուքոմ-ը, մասնավորապես, նախատեսում է սկսել իր ցանցի կառուցումը մարզերում արդեն այս տարվա ամռանը: «Այս տարվա հունիս-հուլիս ամիսներին կսկսենք աշխատել մարզերում», - Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է Յուքոմ-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանը:
Իսկ մինչ այդ թվային հեռուստատեսության մալուխները պատում են ողջ Երեւանը` հասանելի դառնալով մայրաքաղաքի բնակիչների մեծամասնության համար: Թեւ օպերատորները չեն բացահայտում իրենց բաժանորդների թիվը եւ շուկայական մասնաբաժինը, ակնհայտ է, որ նման ծառայություններով դեռեւս չհագեցած մայրաքաղաքում նրանցից բոլորը էքսպանսիայի դեռ զգալի ներուժ ունեն եւ չեն կանգնել իրարից բաժանորդ «խլելու» անհրաժեշտության առջեւ:
Եվրոկաբել-ի տնօրեն Հայկ Մելքոնյանը Մեդիամաքս-ին ասել է, որ եթե տեղի են ունենում բաժանորդների անցում մեկ օպերատորի մոտից մյուսին, դա հիմնականում վերաբերում է նախկինում անալոգային օպերատորների ծառայություններից օգտվող բաժանորդներին, որոնք, անցնելով թվային հեռարձակողի մոտ, ցանկանում են ստանալ ավելի որակյալ ծառայություն:
Յուքոմ-ի ղեկավարն իր հերթին նշում է, որ իրենց բաժանորդների 60-70%-ը չի գալիս այլ մալուխային հեռուստատեսության օպերատորներից, այլ բոլորովին նոր բաժանորդներ են:
Եթե հին սերնդի հեռուստացույցներ ունեցողներին համար այնքան էլ կարեւոր չէր, ինչպիսի մալուխային օպերատորի ընտրել` անալոգային թե թվային, եւ հիմնականում ընտրությունը կատարվում է անալոգայինի օգտին վերջինիս էժանության պատճառով, ապա LCD, Plasma եւ LED հեռուստացույցներ ունեցողները ամենայն հավանականությամբ կընտրեն հենց թվային օպերատորներին` իրենց հեռուստացույցից առավելագույնս հաճույք ստանալու համար:
Հայաստանի թվային մալուխային օպերատորների համեմատական աղյուսակը
Թվային որակով հեռուստաալիքներ դիտել ցանկացողներին մնում է միայն կողմնորոշվել, որ տեխնոլոգիան ընտրել: Հաշվի առնելով 3 օպերատորների կողմից հեռարձակվող հեռուստաալիքների պատկերի եւ ձայնի նույն որակը, ինչպես նաեւ համադրելի գնային առաջարկները եւ ալիքների ցանկերը, բաժանորդի ընտրությունն, ամենայն հավանականությամբ, պայմանավորվելու է իր բնակարանում տվյալ օպերատորի ծառայության հասանելիությամբ, հավելյալ ծառայությունների առկայությամբ եւ հեռուստատեսության ինտերակտիվության մակարդակի վերաբերյալ բաժանորդի նախասիրություններով:
Ոչ միայն հեռուստատեսություն
«IPTV-ի սկզբունքային տարբերությունը կայանում է նրանում, որ բաժանորդը ցանկացած պահին կարող է կանգնեցնել կադրը, շարունակել դիտել, դիտել նաեւ այն, ինչը արդեն ցուցադրվել է 24 ժամ առաջ, մինչդեռ այլ տեխնոլոգիաներով գործող կաբելային օպերատորները փորձում են որոշակի բաժանորդային սարքերի միջոցով մոտենալ այս տեխնոլոգիայի տված որոշ հնարավորություններին», - պատմում է Հայկ Եսայանը:
Այնուամենայնիվ, ամբողջովին կառավարվող հեռուստատեսություն` իր հավելյալ ծառայություններով (խաղեր, օնլայն չատ, եղանակի տեսություն և այլն), հնարավոր է ունենալ միայն IPTV տեխնոլոգիայով:
Ինտերակտիվ ԹիՎի-ի տնօրեն Արթուր Միքայելյանը պատմում է, որ նման ֆունկցիաներ հնարավոր է գործարկել նաեւ DVB-C տեխնոլոգիայով աշխատելու պարագայում եւ ընկերությունը շուտով հնարավորություն է ընձեռելու բաժանորդներին դադարեցնել կադրը, դիտել ավելի վաղ ցուցադրված հաղորդումը, ինչպես նաեւ ձայնագրել եթերը: Ավելին, նույն տեխնոլոգիայով եւ մալուխով Ինտերակտիվ-ը շուտով սկսելու է մատուցել նաեւ ինտերնետ-կապ, իսկ ապագայում նախատեսում է նաեւ թվային հեռախոսակապի (VoIP) ծառայության մատուցում՝ դրանով հավասարեցնելով իր ծառայությունների տեսականին Յուքոմ-ի հետ:
Արթուր Միքայելյանի կարծիքով, Յուքոմ-ն ու Ինտերակտիվ ԹիՎի-ն մրցակիցներ չեն:
«Մենք ավելի շատ հեռուստատեսային ընկերություն ենք, իսկ ինտերնետը մեզ համար ուղեկցող բիզնես է, մինչդեռ Յուքոմ-ը հիմնական շեշտադրումը դնում է ինտերնետ-թրաֆիկի վրա: Եթե IP-հեռուստատեսության օպերատորները հիմնվում են ինտերնետ-կապի թողունակության վրա, մեր դեպքում ինտերնետի որակը ոչ մի կերպ չի կարող ազդել հեռուստաազդանշանի որակի վրա եւ հակառակը», - ասում է Արթուր Միքայելյանը:
Անցումը IPTV-ին նպատակահարմար չի համարում նաեւ Եվրոկաբել-ի տնօրեն Հայկ Մելքոնյանը: «IPTV եւ DVB-C համակարգերում որակի տարբերություն բացարձակ չկա, իսկ հեռուստաալիքների մեծամասնությունը կրկնում են իրենց հաղորդումները: Ինտերակտիվության տարրերից մենք գործարկել ենք էլեկտրոնային հեռուստածրագիր, որտեղ կարելի է նշել, որպեսզի հեռուստացույցն ինքը հիշեցնի ձեզ նախընտրած հաղորդման սկզբի մասին եւ առաջարկի փոխել համապատասխան ալիքի վրա», - Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է Հայկ Մելքոնյանը:
Յուքոմ-ն ու Ինտերակտիվ-ը գործարկել են նաեւ «Վիդեո պատվերով» (Video on Demand, VoD) ծառայությունը, երբ հաճախորդը որոշակի հավելյալ վճարի դիմաց պատվիրում է իր ցանկացած կինոնկարը: Նման հնարավորություն ունի, բայց դեռ չի շտապում օգտվել դրանից Եվրոկաբել-ը:
Ո՞ր ալիքներն են ամենաշատը դիտում հայկական ալիքներից հրաժարվող մեր համաքաղաքացիները: Պարզվում է, որ արտասահմանյան հեռուստաալիքներից երեւանցիների մոտ առավելագույն պահանջարկ են վայելում ուսուցողական եւ մանկական ալիքները:
Եթե շուկայական հարաբերությունների պայմաններում գոյանում է չբավարարված պահանջարկ (այս դեպքում՝ ի դեմս հեռուստաբովանդակության), առաջարկը (ի դեմս մալուխային օպերատորների), որպես կանոն, չի ստիպում իրեն երկար սպասել: Իսկ հայկական եթերային ալիքները, տեսնելով, թե ինչու են օտարերկրյա ալիքները գերադասում իրենցից, գուցե սերիալների փոխարեն սկսեն արտադրել ավելի շատ օգտակար հաղորդումներ:
Էլեոնորա Արարատյան
Ռուբեն Հարությունյան