16:14 | 12.01.12 | Հոդվածներ | exclusive 1762

Ինչպե՞ս Հայաստանում կրկնել Angry Birds-ի հաջողությունը

2 տարի առաջ ֆիննական Rovio ընկերությունը համաշխարհային համբավ ձեռքբերեց` App Store-ում ընդամենը մեկ խաղ տեղադրելով: Խաղի անունն էր Angry Birds, որն այսօրվա դրությամբ բեռնել են ավելի քան 500 մլն անգամ: Ընկերությունը, սկզբնական շրջանում խաղի ստեղծման համար ներդրել էր ընդամենը $100 հազ., իսկ անցյալ տարվա մարտին ներգրավեց $42 մլն:    

Նման ճանապարհով համաշխարհային համբավ եւ հսկայական շահույթներ ձեռքբերելու տեսական հնարավորություն ունի նաեւ ցանկացած հայկական ՏՏ-ընկերություն: Հիմա արդեն Հայաստանում ստեղծված են նման գաղափարներ իրագործելու նպաստավոր պայմաններ, քանի որ մեր երկրում անցած տարվա աշնանից գործում է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան՝ mLab-ը: 

mLab-ը ֆիննական Nokia-ի նախաձեռնությունն է: Կորպորացիան Ֆինլանդիայի կառավարության եւ Համաշխարհային բանկի հետ համատեղ նախաձեռնել է աշխարհում 5 շարժական լուծումների լաբորատորիաներ բացելու ծրագիրը: Որոշվել է 2-ական լաբորատորիաներ բացել Աֆրիկայում եւ Ասիայում, իսկ մեկը՝ ԱՊՀ-ում (բացի Ռուսաստանից): Համաշխարհային բանկը մրցույթ հայտարարեց՝ լաբորատորիաների տեղակայման երկրները որոշելու համար: Աֆրիկայում հաղթեցին Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Տանզանիան, Ասիայում՝ Պակիստանը եւ Վիետնամը, իսկ ԱՊՀ-ում՝ Հայաստանը: Nokia-ն ընդհանուր առմամբ ներդրել է ծրագրի մեջ շուրջ €20 մլն:

\"\"
mLab լաբորատորիան

Հայաստանի հայտը ներկայացրել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), որն էլ ներկայումս հանդիսանում է նորաստեղծ լաբորատորիայի կառավարիչը:

«Մենք հաղթեցինք բավականին դժվար մրցապայքարում: Վերջին փուլ էին անցել Բելառուսը, Ուկրաինան, Մոլդովան եւ Հայաստանը: Մրցույթում հաղթելու մեր հիմնական գրավականն այն էր, որ Հայաստանն ունի շատ արագ զարգացող ՏՏ ոլորտ եւ որակյալ աշխատուժ, որը ոչ միայն պատվերներ է կատարում արտասահմանյան հաճախորդների համար, այլ տալիս է նորարարություններ», - Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ասել է ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Լաբորատորիան տեղակայված է ՁԻՀ-ի շենքում (Երեւան, Հովսեփ Էմին փ. 123, Սլավոնական համալսարանին կից), իսկ ընթացիկ տարվա աշնանը այն կտեղափոխվի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տարածք:

Ի՞նչ է տալիս լաբորատորիան

Բագրատ Ենգիբարյանը պատմում է, որ լաբորատորիայի հիմնական նպատակն է խրախուսել հեռախոսների եւ շարժական այլ սարքերի համար ծրագրային լուծումների մշակումը եւ շուկայական առաջխաղացումը Հայաստանում եւ Հայաստանից դուրս:

«Փաստը, որ լաբորատորիան ստեղծվել է Nokia-ի նախաձեռնությամբ, ամենեւին չի նշանակում, որ լաբորատորիայում ստեղծվող ծրագրային ապահովումը պետք է աշխատի միայն Nokia-ի կողմից օգտագործվող օպերացիոն համակարգերում (Symbian եւ Microsoft Windows Mobile), լաբորատորիայում կարելի է ծրագրային ապահովում մշակել բոլոր հնարավոր պլատֆորմների, այդ թվում, Apple-ի iOS-ի եւ Google-ի Android-ի համար», - ասել է Բագրատ Ենգիբարյանը:

Լաբորատորիայում, որը բաց է օրը 24 ժամ, առկա են մոբայլ լուծումներ մշակելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները, ինչպես նաեւ տրամադրվում է անվճար մասնագիտական աջակցություն:

\"\"
Լաբորատորիան հագեցված է մոբայլ լուծումներ ստեղծելու համար անհրաժեշտ սարքավորումներով

«Խոսքը միայն համակարգիչների եւ բուն բջջային սարքերի մասին չէ. oրինակ, Microsoft-ի ծրագրային միջավայրում աշխատելու համար պետք է հատուկ թույլտվություն, ինչը մենք ստացել ենք Microsoft ինովացիոն կենտրոնի միջնորդությամբ», - նշել է Բագրատ Ենգիբարյանը:

Լաբորատորիայում աշխատող երիտասարդ ձեռներեցները, որոնց թիվը շուրջ 125 է, կազմում են 3-4 հոգուց բաղկացած թիմեր՝ գաղափարներն իրագործելու համար, եւ լաբորատորիայի միջոցով կարող են հանել իրենց լուծումները վաճառքի, իսկ այլ տարածաշրջանում ներկայացուցիչների միջոցով՝ նաեւ ճանաչելի դարձնել իրենց լուծումները  գործընկեր երկրներում:

ՁԻՀ տնօրենի փոխանցմամբ, լաբորատորիայում աշխատող մի թիմ, որը կազմված է ՏՏ-ընկերություններից մեկի աշխատակիցներից, արդեն որոշել է առանձին startup ձեւավորել: 

«Կա մեզ հետ աշխատելու եւս մեկ ձեւաչափ. եթե որեւէ մեկը Հայաստանում մշակել է մոբայլ լուծում եւ ցանկանում այն վաճառքի կամ ազատ օգտագործման հանել iOS-ի, Windows-ի կամ Android-ի շուկաներում, մենք մեր www.mlabeca.com կայքի միջոցով նրան անվճար հնարավորություն ենք տալիս ուղղակիորեն տեղադրել այդ լուծումը վերոհիշյալ շուկաներում», - ասել է Բագրատ Ենգիբարյանը:

Լաբորատորիան օգտակար կլինի նաեւ այնպիսի դեպքերում, երբ մշակված ծրագրային լուծումներն ուղղված են սպեցիֆիկ հասցեատիրոջը, օրինակ, կառավարության մարմիններին կամ բջջային օպերատորներին: Լաբորատորիան կարող է կապող օղակ  հանդիսանալ ծրագրային ապահովման ստույգ հասցեատիրոջը գտնելու հարցում` ինչպես Հայաստանում, այդպես էլ արտերկրում: 

«Լաբորատորիան արդեն ունի աշխատակիցներ Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում, իսկ այս տարի նախատեսում ենք աշխատակիցներ ունենալ ԱՊՀ բոլոր երկրներում, բացառությամբ Ռուսաստանի, եւ նույնիսկ փորձում ենք համագործակցություն հաստատել Ադրբեջանի հետ: Լաբորատորիայի տարածաշրջանային լինելու առավելությունը կայանում է նրանում, որ այստեղ ստեղծված լուծումները մեր ներկայացուցիչների միջոցով կտարածվեն այլ շուկաներում», - նշել է ՁԻՀ տնօրենը:

\"\"
mLab-ի հիմնական նպատակն է խթանել մոբայլ լուծումների ստեղծումը եւ շուկայական առաջխաղացումը

Լաբորատորիան նաեւ պարբերաբար մասնագիտական դասընթացներ է անցկացնում կազմակերպությունների, անհատների եւ ուսանողների համար: 2011-ի վերջին այն դասընթացներ սկսեց նաեւ Գյումրիում:

Առաջին արդյունքները

Լաբորատորիայում մշակվել են շուրջ 30 պրոդուկտներ, որոնցից 10-ն արդեն տեղակայված են մոբայլ լուծումների շուկաներում: Բագրատ Ենգիբարյանն ասում է, որ Հայաստանի ողջ ՏՏ ոլորտի շուրջ 300 կազմակերպություններից 36-ը ուղղակիորեն մասնագիտացված են մոբայլ լուծումների վրա, եւ աշխատում են լուրջ շահույթներով:

«Կարծում ենք՝ լաբորատորիան առաջխաղացման նոր հնարավորություններ կստեղծի թե գործող թե նորաստեղծ ընկերությունների համար: Մեր նպատակն է ոգեւորել ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին մշակել ծրագրային լուծումներ: Երբ ուսանողը մեզ մոտ մոբայլ լուծում է ստեղծում եւ տեսնում է այն տեղադրված, օրինակ, App Store-ում, նա ոգեւորվում է եւ ձգտում է ստեղծել նորանոր ծրագրեր: Մեր նպատակն է սովորեցնել ստեղծել եւ վաճառքի հանել մոբայլ լուծումներ», - ասում է ՁԻՀ տնօրենը:

mLab-ի ընձեռած հնարավորություններից ակտիվ օգտվում է DevelopWay ընկերությունը, որի մի շարք մշակումներ արդեն տեղակայված են App Store-ում, Windows Phone Marketplace-ում եւ Android Marketplace-ում:  

\"\" 
App Store-ում տեղակայված Wings of Tatev հավելումը լաբորատորիայում ստեղծված առաջին լուծումներից է

Ընկերության տնօրեն Հարություն Խառատյանը պատմում է, որ լաբորատորիան օգնել է իրենց ծանոթանալ ամբողջ գործընթացին՝ ծրագրային ապահովման ստեղծումից մինչեւ վաճառք: «Լաբորատորիան տրամադրել է մեզ այնպիսի տեխնիկական հնարավորություններ, որոնք մենք չունեինք, ինչպես նաեւ տվել է գիտելիքներ ու հմտություններ, որոնք ինքնուրույն ձեռքբերելու վրա մենք պետք է շատ ժամանակ եւ ռեսուրսներ ծախսեինք», - Մեդիամաքս-ին ասել է Հարություն Խառատյանը:

Նա հատկապես կարեւորել է լաբորատորիայի տարածաշրջանային լինելը, ինչը թույլ է տալիս առաջխաղացնել պրոդուկտները դրսում՝ համագործակցելով արտերկրի գործընկերների եւ հաճախորդների հետ: «Լուծումները, որոնք այս պահին հանել ենք վաճառքի, մեր առաջին փորձնական քայլերն են այս ոլորտում, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում լուրջ նախաձեռնությունների համար»:

\"\"
ArmenianABC հավելումը DevelopWay ընկերության մշակած լուծումներից է, որը ստեղծվել եւ վաճառքի է հանվել լաբորատորիայի աջակցությամբ

mLab-ի կողմից աջակցություն ստացող նախագծերից է նաեւ Hackathon Yerevan 2011 մրցույթում հաղթող ճանաչված Mapy ծրագիրը, որն իրենից ներկայացնում է քաղաքի ինտերակտիվ քարտեզ՝ տարբեր հաստատությունների, ծառայությունների եւ ժամանցի վայրերի մասին  տեղեկատվությամբ:
 
Ծրագիրը մրցույթին ներկայացրել էր CYBER GATES կազմակերպությունը: Կազմակերպության հիմնադիր տնօրեն Սամվել Գեւորգյանը Մեդիամաքս-ին ասել է, որ ներկայումս մշակման ավարտական փուլում գտնվող ծրագիրը քաղաքի բնակիչներին եւ հյուրերին լայն հնարավորություններ կընձեռի: Ծրագրի միջոցով Երեւանի բնակիչները եւ հյուրերը կկարողանան իրենց բջջային հեռախոսի օգնությամբ գտնել իրենց հետաքրքրող հաստատության հասցեն եւ կոնտակտային տվյալները, տեղեկանալ, ինչպես հասնել քաղաքի ցանկացած վայր եւ այլն:

\"\"
Hackathon Yerevan 2011մրցույթի հաղթող Mapy ծրագիրն իրենից ներկայացնում է քաղաքի ինտերակտիվ քարտեզ՝ մեծածավալ օգտակար տեղեկատվությամբ

Սամվել Գեւորգյանն ասում է, որ ծրագրի առաջին տարբերակը վերաբերելու է Երեւանին, սակայն ապագայում կարող է ընդգրկել ցանկացած այլ քաղաք: Հենց այս ուղղությամբ էլ CYBER GATES-ն ակնկալվում է լաբորատորիայի աջակցությունը, որը կներկայացնի Mapy-ն իր ներկայության երկրներում:

Ռուբեն Հարությունյան