Travel.am նախագծի հեղինակ եւ ղեկավար Արամ Ղազանչյանը
10:58 | 27.12.11 | Հոդվածներ | 7431
Օրերս գործարկվել է Travel.am զբոսաշրջային պորտալը, որը հավակնում է դառնալ “պատուհան դեպի Հայաստան”` ինչպես մեր երկիր այցելել ցանկացողների, այնպես էլ ներքին զբոսաշրջիկների համար: Այցելելով կայքը` կարելի է ոչ միայն ծանոթանալ Հայաստանի գլխավոր տեսարժան վայրերին, այլեւ ընտրել ցանկալի տուրը: Պորտալի կողմից զբոսաշրջիկներին եւ օպերատորներին առաջակվող հնարավորությունների մասին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում պատմել է նախագծի հեղինակ եւ ղեկավար Արամ Ղազանչյանը:
- Կայքի “մեր մասին” բաժնում նշվում է, որ նախագիծը գործում է 2006 թվականից: Ո՞րն է նման ուշ ամբողջական գործարկման պատճառը:
- Իսկապես, Travel.am դոմեյնը գնվել է դեռեւս 2006 թվականին: Իմ նպատակն էր զբոսաշրջային պորտալի ստեղծումը, որտեղ այցելուները կարող են գտնել այն ամենն, ինչ հարկավոր է Հայաստանում հանգիստը կազմակերպելու համար: Կայքի կարեւոր առաջակը տուրերն են, ընդ որում նախագիծը ծրագրվել էր այնպես, որպեսզի իրենք՝ տուրօպերատորները տեղադրեին իրենց ծառայությունների մասին տեղեկատվությունը: Սակայն պարզվեց, որ նրանք դեռեւս պատրաստ չէին վեբ-գործիքներ օգտագործել:
Այդպիսով կայքը մի քանի տարի մնաց եւ այդ ընթացքում ինդեքսավորվեց փնտրման կայքերում: Ես բավականին շատ նամակներ էի ստանում Ռուսաստանից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից, որոնցում մարդիկ հետաքրքրվում էին Հայաստանում տուրերով, եւ ես ուղղակի ուղարկում էի դրանք տուրօպերատորներին:
Որոշ ժամանակ անց տուրօպերատորները սկսեցին հասկանալ ինտերնետի ուժը, եւ ես որոշեցի կայքի նոր տարբերակը ստեղծել, որտեղ տուրիստական ընկերությունը կարող է անվճար բացել իր էջը եւ ներբեռնել անսահմանափակ քանակի տուրեր:
Կայքում տեղի է գտել Հայաստանի մասին հարուստ տեղեկատվություն, Destinations բաժնում ներկայացված են զբոսաշրջիկների կողմից ամենաշատը այցելվող տուրիստական վայրերի նկարներ, նկարագրություն եւ դիրքը քարտեզի վրա:
Երբ պոտենցիալ զբոսաշրջիկը մուտք է գործում Destinations բաժնում իրեն հետաքրքրող վայրի էջը, նկարագրությունից հետո երեւում են տվյալ ուղղությամբ իրականացվող գոյություն ունեցող բոլոր տուրերը:
Ի լրումն ուղղությունների, բազայում գոյություն ունի Հայաստանի հյուրանոցների մասին հարուստ տեղեկատվություն, եւ երբ, լրացնելով տուրը, տուրօպերատորը նաեւ նշում է հյուրանոցը, այն հղում է դառնում, որին հետեւելիս կարելի է իմանալ դրա պայմանների մասին:
- Հայկական տուրօպերատորներից շատերը իրենց տուրերում նաեւ ներառում են Վրաստանը: Լինելու՞ է արդյոք ձեր կայքում նաեւ այդ տեղեկատվությունը:
- Վրաստանի վայրերի անվանումները եւ ուղղությունները կարելի է ներառել, սակայն դրանք ակտիվ չեն լինի: Ուղղությունների եւ հյուրանոցների մասին մանրամասն տեղեկատվություն կա միայն Հայաստանի մասով, քանի որ ես նպատակ ունեմ ավելացնել զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան:
- Հնարավո՞ր է տուր պատվիրել միանգամից կայքի միջոցով:
- Ոչ, քանի որ կայքի հիմնական նպատակը տեղեկատվության տրամադրումն է: Այն բանից հետո, երբ անձը նայում է որեւէ տուրի մասին տեղեկատվությունը, նա կարող է միանգամից կապ հաստատել օպերատորի հետ` պատվերը ձեւակերպելու համար:
Կայքը նախատեսված է երկու ֆոկուս-խմբերի համար. առաջինը` մեր տուրօպերատորներն են, երկրորդը` պոտենցիալ զբոսաշրջիկները:
- Ինչպե՞ս կիրականացվի նախագծի մոնետիզացումը:
- Ես դեռեւս այդ մասին չեմ մտածում: Առաջնային նպատակս տուրօպերատորների, զբոսաշրջիկների, հյուրանոցների կողմից կայքի “իրացման” աճն է: Մոնետիզացման մասին կարելի է մտածել դրանից հետո: