17:05 | 14.03.12 | Նորություններ | 3014

Orange-ը դասընթացներ է սկսում Հայաստանի 11 բուհերում

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում հեռահաղորդակցության ցանցին նվիրված մեկօրյա դասընթացով մեկնարկեց Orange-ի հատուկ նախագիծը, որի շրջանակներում ընկերության տարբեր բաժինների աշխատակիցները դասընթացներ կանցկացնեն Հայաստանի 11 բուհերի ուսանողների համար:

Դասընթացները թեմաներն են` վաճառք, մարդկային ռեսուրսներ, կարիերա, մարքեթինգ, ռադիոտեխնոլոգիաներ ու այլն:

Ընդհանուր թվով 23 դասընթացները ներառում են ինչպես խորը մասնագիտական թեմաներ, ինչպես` «GSM ցանցեր», «Վաճառքի ուղղակի եւ անուղղակի մեթոդները» եւ այլն, այնպես էլ նպատակ ունեն գործնական հմտություններ փոխանցել հաջողակ կարիերայի համար, օրինակ` «Ինչպես մասնակցել աշխատանքի ընդունման հարցազրույցի»:

Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մարտ-մայիս ամիսներին ԵՊՀ-ում, ԵրՊԼՀ-ում, ՀՊՃՀ-ում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, Գավառի պետական համալսարանում եւ այլուր: Ծրագրի հետագա փուլերում ներառվելու են նաեւ այն 5 մարզային համալսարանները, որոնց հետ Orange-ը համագործակցության հուշագրեր ստորագրեց անցյալ տարեվերջին:

«Այս ծրագիրը մեզ համար կրկնակի կարեւորություն ունի: Մի կողմից մենք կարող ենք մեր փորձը փոխանցել սկսնակ մասնագետներին, նրանց տալ գործնական հմտություններ, տրամադրել գիտելիքներ ամենանորարար մեթոդների ու տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ մյուս կողմից այն մեզ թույլ է տալիս մեր լավագույն մասնագետներին ներառել ընկերության հասարակական գործուներության մեջ», - ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Դասընթացներին կարող են մասնակցել գործընկեր համալսարանների բոլոր ցանկացող ուսանողները, նախապես գրանցվելով իրենց հետաքրքրող դասընթացներին: Գրանցման համար ուսանողները պետք է հետեւեն իրենց համալսարանում տեղադրված հայտարարություններին կամ դիմեն կոնտակտային անձին (դեկանատ, ամբիոն, կարիերայի զարգացման կենտրոն եւ այլն):