10:38 | 24.02.12 | Նորություններ | 3573

Հայ գիտնականը կարեւոր հայտնագործություն է արել աստղաֆիզիկոսների միջազգային խմբի կազմում

Երեւան: Մեդիամաքս: Գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է, որ Երկրի նման մոլորակների քիմիական բաղադրությունը կարող է լրջորեն տարբերվել Երկիր մոլորակի հիմնական բաղադրությունից:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի հաղորդագրությունը, այս հայտնագործությունն արել են մի խումբ գիտնականներ, որոնց կազմում է հայազգի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հայտնագործությունը կարող է մեծ ազդեցություն ունենալ Երկրի նման մոլորակների վրա կյանքի եւ կենսոլորտի առաջացման եւ ձեւավորման հարցերի վրա:

«Տիեզերքում կան Երկրի նման միլիարդավոր մոլորակներ, սակայն նրանց ճնշող մեծամասնությունը կարող է ունենալ բացարձակապես տարբեր ներքին եւ մթնոլորտային կառուցվածք: Մոլորակների ձեւավորումը քիմիական ոչ արեւային պայմաններում (ինչը շատ տարածված է Տիեզերքում) կարող է հանգեցնել Երկիր մոլորակից խիստ տարբերվող տարօրինակ աշխարհների ձեւավորմանը: Ռադիոակտիվ ու որոշակի դժվարահալ տարրերի քանակությունը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ մոլորակային գործընթացների վրա»,- ասել է Գարիկ Իսրայելյանը:

Հետազոտության ամբողջական արդյունքները կհրապարակվեն 2012-ի մարտի 1-ին Astrophysical Journal Letters ամսագրում:

Հետազոտական խմբի կազմում են Գարիկ Իսրայելյանը եւ Հոնայ Գոնսալես Էրնանդեսը (Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտ), Էլիսա Դելգադո Մենան եւ Նունու Սանտոշը (Պորտուի համալսարան, Պորտուգալիա) եւ Ջ. Կարթեր-Բոնդը եւ Դ. Օ\'Բրայենը (Մոլորակային հետազոտությունների ինստիտուտ, Արիզոնա):

Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2010-ին շվեյցարացի աստղաֆիզիկոս, Ժնեւի համալսարանի աստղագիտության բաժնի պրոֆեսոր Միշել Մայորը եւ իր գիտական խումբը, որի կազմում էին Գարիկ Իսրայելյանը եւ Նունու Սանտոշը, դարձան Հայաստանում սահմանված` Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին դափնեկիրները: