10:32 | 26.01.12 | Նորություններ | 1962

Google-ը ձեր մասին կիմանա ամեն ինչ

Երեւան/Մեդիամաքս/. Մինչեւ մարտի 1-ը Google-ը կմիավորի իր բոլոր ծառայություններից օգտվողների մասին տվյալները: Այժմ, եթե դուք օգտվում ենք Google+ սոցիալական ցանցից, Picasa լուսանկարների ծառայությունից կամ դիտում եք YouTube-ի տեսահոլովակները, Google-ը կիմանա, որ դա նույն մարդն է:

Ինչպես գրում է Վեդոմոստին` վկայակոչելով Wall Street Journal-ը, մինչ օրս Google-ը չէր հավաքել այսքան տվյալներ իր օգտատերերի վերաբերյալ, ավելին` տարբեր ծառայություներից հավաքված տեղեկություններն առանձնացված էին: Իսկ այժմ բոլոր տվյալները կմիացվեն:

Google-ը ստիպված էր դիմել այս քայլին Facebook-ի հետ սրացող մրցակցության պատճառով, քանի որ Facebook-ին հաջողվել էր շատ հետաքրքրիր տեղեկություններ տրամադրել գովազդատուներին իր 800 մլն-ոց լսարանի վերաբերյալ:

“Այժմ Google-ը կկարողանա հետեւել ձեզ ամենուրեք, որտեղ դուք հայտնվեք` թե համացանցում, թե իրական կյանքում, եթե խոսքը գնում է բջջային հեռախոսների մասին: Ոչ մի կազմակերպության չի կարելի վստահել անձնական տվյալների այսպիսի ծավալ”, - ասում է ամերիկացի անկախ հետազոտող Քրիստոֆեր Սաղոյանը:

Սակայն Google-ի ներկայացուցչները պնդում են, որ ընկերությունը նոր տեղեկություններ չի հավաքում իր օգտվողների վերաբերյալ, այլ միայն համախմբում է  ունեցածը` ծառայության որակը բարելավելու նպատակով: Օրինակ` միավորելով օգտվողի գտնվելու վայրի եւ ծրագրված միջոցառումների մասին տվյալները, ընկերությունը կկարողանա նախազգուշացնել նրան հանդիպման հավանական ուշացման մասին: