13:06 | 13.12.11 | Նորություններ | 3383

Orange-ը ինտերնետային օգտատերերին տրամադրում է բլոգային պլատֆորմ

Երեւան/Մեդիամաքս/. Orange Armenia ընկերությունն այսօր ներկայացրել է Orange բլոգը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել վիրտուալ տարածք` կիսվելով գրառումներով, նկարներով, աուդիո ֆայլերով եւ վիդեոնկարահանումներով:

Orange Armenia ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան այսօր ասել է, որ Orange-ի ստեղծած բլոգային նոր միջավայրը պարզ եւ հասարակ կառուցվածք ունի, ինչը թույլ է տալիս տարբեր տեսակի ձեւաչափեր ներբեռնել:

«Սա պրեմիերա է ինչպես Հայաստանում, այնպես էլ Orange-ի աշխարհագրության երկրներում. նման հարթակ մեր գործընկերներից ոչ մեկը չի առաջարկել: Լինելով շարժական ինտերնետի առաջատարը Հայաստանում` Orange-ը պատասխանատվություն է զգում հայերեն լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացման եւ տարածման համար»,- ասել է Բրունո Դյութուան:

Ընկերության մարքեթինգի բաժնի տնօրեն Արամ Մկրտչյանն էլ ասել է, որ “այս հարթակի շնորհիվ այսուհետ բլոգինգը հասանելի է բոլորին` ոչ միայն Orange-ի բաժանորդներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն ինտերնետի մուտքի հնարավորություն:

Նրա խոսքերով, բլոգում կարելի է  գրանցվել ինչպես www.orangeblog.am կայքում, այնպես էլ Orange համարից 2564 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելով` բովանդակության մասում նշելով “OK – բացատ - էլեկտրոնային փոստի հասցե”:

Orange-ի բաժանորդները կարող են բլոգի պրոֆիլը միացնել բջջային հեռախոսահամարին եւ բոլոր ծանուցումները ստանալ հեռախոսին, ինչպես նաեւ 2564 համարին ուղարկված անվճար SMS-ների եւ MMS-ների միջոցով “թարմացնել կարգավիճակը”, ներբեռնել լուսանկարներ եւ տեսանյութեր: