15:02 | 12.12.11 | Նորություններ | 3762
Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանը երկրորդն է ԱՊՀ-ում բջջային կապի ծառայությունների ներթափանցման մակարդակով` 132.6% ցուցանիշով:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին իր «ԱՊՀ երկրների հեռահաղորդակցության շուկան: Զարգացման առանցքային ցուցանիշներ» խորագիրը կրող զեկույցում այսօր Երեւանում ասել է ComNewsResearch հետազոտական եւ խորհրդակցական գործակալության վերլուծաբան Մարինա Կորոբկովան:
ԱՊՀ-ում առաջին տեղում է Ռուսաստանը, ուր ներթափանցումը կազմում է 160.2%:
Զեկույցի համաձայն, 2008-2011-ին Հայաստանում արձանագրվել է բջջային կապի ծառայություններից ստացվող եկամուտի ամենաբացասական դինամիկան. Հայաստանի բջջային օպերատորների ընդհանուր եկամուտները վերջին 4 տարվա ընթացքում կրճատվել են 47.6%-ով եւ 2011-ին կազմել $140 մլն:
Զեկույցում նշվում է, որ օպերատորների կողմից մեկ բաժանորդից ստացվող միջին հասույթը (ARPU) 2008-2010-ին կրճատվել է ԱՊՀ բոլոր երկրներում: Հայաստանում այդ ցուցանիշը 2 տարվա մեջ կրճատվել է 14%-ով եւ 2010-ին կազմել է $6: ԱՊՀ-ում ARPU-ի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վրաստանում ($11,14), իսկ ամենացածրը` Ուզբեկստանում ($3,97):
Հայաստանում MoU-ի ցուցանիշը (մեկ բաժանորդին բաժին ընկնող րոպեների միջին քանակը) 2008-2010թթ. աճել է 21,9%-ով եւ կազմել 265,9 րոպե: ԱՊՀ-ում MoU-ի ամենացածր ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում` (97 րոպե), ամենաբարձրը` Ուկրաինայում (452 րոպե): Վրաստանում MoU-ի ցուցանիշը 2010-ի արդյունքներով կազմել է 118,3 րոպե, իսկ Ռուսաստանում` 248,3 րոպե:
Հայաստանում APPM-ի ցուցանիշը (մեկ րոպե խոսակցության միջին արժեքը) 2008-2010-ին նվազել է 30%-ով եւ կազմել $0.03: Վրաստանում եւ Ադրբեջանում այս ցուցանիշը ավելի բարձր է, քան Հայաստանում եւ կազմում է համապատասխանաբար $0.09 եւ $0.1:
Հարավային Կովկասի պետություններում VAS-ի չափաբաժինը (ոչ ձայնային ծառայություններ) բջջային կապի ծառայությունների ընդհանուր հասույթում գրեթե հավասար է եւ 2011-ի առաջին եռամսյակի արդյունքներով կազմում է միջինը 10%: Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է 21%:
Մարինա Կորոբկովան իր զեկույցը ներկայացրել է ԱՊՀ եւ Վրաստանի լրագրողների եւ բլոգերների համար կազմակերպված՝ «Վիմպելկոմ»-ի ամենամյա կոնֆերանսի շրջանակներում, որն այս տարի կազմակերպել է “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ): Կոնֆերանսին մասնակցում են ԶԼՄ-ների ավելի քան 30 ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եւ Ուզբեկստանից: