12:00 | 22.11.11 | Նորություններ | 2261

Facebook-ը պատրաստվում է HTC-ի հետ համատեղ սմարթֆո՞ն թողարկել

Երեւան/Մեդիամաքս/. Facebook սոցիալական ցանցը HTC-ի հետ համատեղ մշակել է սմարթֆոնի սեփական մոդելը` Buffy կոդային անվանմամբ, այսօր գրում է Cnews.ru-ն` վկայակոչելով All Things D-ն:

Սպասվում է, որ Facebook-ի հիմնական բոլոր ծառայությունները խորապես ընդգրկված կլինեն նոր սմարթֆոնի աշխատանքում: Մոդելը ստացել է Buffy /Բաֆի/ կոդային անվանումը` ի պատիվ հայտնի հեռուստասերիալի համանուն հերոսուհու:

Հեռախոսն աշխատելու է Android օպերացիոն համակարգի հիման վրա, որը զգալիորեն կարդիականացվի Facebook-ի մասնագետների կողմից` համակարգում սոցիալական ծառայություններ ընդգրկելու նպատակով: Համակարգում օգտագործվելու է նաեւ HTML5-ը` որպես հավելումների հարթակ:

Մոդելը դեռ հեռու է վաճառքի հանվելուց. մինչեւ թողարկումը մնացել է 12-ից 18 ամիս, կարծում են վերլուծաբանները:

HTC-ի եւ Facebook-ի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանել այս տեղեկությունները:

«Մեր բջջային ռազմավարությունը շատ պարզ է. մենք կարծում ենք, որ ցանկացած բջջային սարք կարող է ավելի լավը լինել սոցիալական գործառույթի առկայությամբ: Եվ այժմ մենք ամբողջ բջջային արդյունաբերության` բջջային օպերատորների, սարքերի արտադրողների, օպերացիոն համակարգերի եւ հավելումների ծրագրավորողների հետ աշխատում ենք, որպեսզի կարողանանք աշխարհի բոլոր օգտվողներին ավելի շատ սոցիալական գործառույթներ տրամադրել»,- նշել է Facebook-ի հասարակության հետ կապերի մենեջերը: