16:07 | 17.11.11 | Նորություններ | 2133
Երեւան/Մեդիամաքս/. Ավարտին է մոտենում Արագածոտնի մարզում Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արագածոտնի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ եւ իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
Ծրագրի շրջանակներում ավելի քան 1800 մեծահասակներ եւ շուրջ 1300 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 600 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է մոտ 600 ակնոց: Իրականացվել են մոտ 200 վիրահատություններ եւ լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, մոտ 500 երեխաների համար Արագածոտնի մարզի 9-ը դպրոցներում անց են կացվել նաեւ ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
Արագածոտնի մարզում ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 5 միլիոն դրամ:
«Մեր ընկերության առաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջեւ, այդ իսկ պատճառով տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են: Շիրակի մարզի նախագծից հետո այսօր Արագածոտնում ենք, որտեղ հանդիպեցինք մարդկանց, ում կյանքը փոխվել է Հիմնադրամի ու մեր գործընկերների շնորհիվ: Հատկանշական է, որ ախտորոշված երեխաների 68%-ն ակնային զննում էին անցնում առաջին անգամ, իսկ հիվանդության առաջնային փուլում բացահայտումը միակ երաշխիքն է դրա հետագա զարգացման կանխման համար: Հպարտ ենք համագործակցել Հայկական Ակնաբուժության նախագծի հետ եւ շնորհավորում ենք նրանց այս արդյունքների համար»,- ասել է Orange Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան, ով այսօր այցելել է Աշտարակում կայանած աչքի շարժական հիվանդանոցը:
«Շիրակի մարզում մենք ավարտեցինք «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվող մեր չորրորդ շրջայցը, իսկ Արագածոնտում սկսեցինք հինգերորդը: Տեղեկացնեմ , որ հաջորդ տարի կայցելենք Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերը, ինչպես նաեւ հնարավոր է Լեռնային Ղարաբաղ: Ուրախալի է արձանագրել, որ սկսած 2003թ-ից բազմաթիվ գործընկերների եւ հովանավորների աջակցությամբ մեզ հաջողվել է ստուգել ՀՀ բնակչության գրեթե 10%-ի տեսողությունը եւ օգնել տասնյակ հազարավոր մարդկանց: Ուրախ ենք տեսնել Orange Հիմնադրամին մեր ռազմավարական գործընկերների շարքում եւ ցանկանում ենք Շիրակի եւ Արագածոտնի բնակչության անունից մեր խորին շնորհակալությունը հայտնել ցուցաբերած աջակցության համար: Մեզ հաճելի է, որ Orange-ը Հայաստանում կարողանում է ներկայացնել կորպորատիվ բարեգործություն իրականացնելու նման բարձր մակարդակի օրինակ», - ասել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: